Բաքվում մեկնարկել է Եվրոպական խաղերի պաշտոնական բացման արարողությունը

Մինչև հուլիսի 28-ն անցկացվող այս խաղերին մասնակցում են 6 հազար մարզիկներ շուրջ 50 երկրներից։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, արևմտյան մամուլի քննադատությունների տարափի ներքո, Լեդի Գագայի երաժշտական կատարումների ուղեկցությամբ, Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի պատվավոր ներկայությամբ՝ Բաքվում մեկնարկել է Եվրոպական խաղերի պաշտոնական բացման արարողությունը։

Մինչև հուլիսի 28-ն անցկացվող այս խաղերին, հիշեցնենք, մասնակցում են 6 հազար մարզիկներ շուրջ 50 երկրներից։

Տոնահանդեսին մասնակցելու Իլհամ Ալիևի հրավերը բացի Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներից ընդունել են նաև Բելառուսի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Մոնտենեգրոյի, Սերբիայի նախագահները, Բոսնիա-Հերցեգովինայի երեք առաջնորդներից մեկը, Վրաստանի և Ղազախստանի վարչապետները և այլ երկրների կառավարությունների ներկայացուցիչներ։

Արևմտյան Եվրոպայի երկրների առաջնորդներն անտեսել են այս խաղերը։

Մինչ շոուի մեկնարկը, Ադրբեջանի նախագահն իր աշխատասենյակում մի շարք հանդիպումներ է ունեցել Բաքու ժամանած առաջնորդների հետ։ Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել ռազմավարական գործընկերության հաջող զարգացման կապակցությամբ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Բաքվում նախատեսված են նաև Պուտին - Էրդողան, Պուտին - Ալիև հանդիպումներ։ Կրեմլը հայտարարել էր, թե կարևոր է լինելու Էրդողանի հետ Պուտինի հանդիպումը. երկու երկրների առաջնորդները մտադիր են էներգետիկ համատեղ ծրագրեր քննարկել։ Իսկ Ալիևի և Պուտինի հանդիպման առանցքային հարցերից մեկն էլ ղարաբաղյան հակամարտությունն է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Եվրոպական խաղերին միջազգային մամուլն առանձնահատուկ ուշադրությամբ է հետևում. հեղինակավոր լրատվամիջոցները հերթական անգամ հիշեցնում են՝ այդ խաղերն անցկացվում են կառավարության հեղինակած աննախադեպ հետապնդումների ֆոնին։

Իշխանությունները ձերբակալել են իրենց քննադատողներին և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր՝ խաղերը լուսաբանելու համար։

Խաղերի միջոցով աշխարհին զարմացնելու նպատակով Ալիևը միլիարդավոր դոլարներ է ծախսել, կառուցել է մի քանի նոր մարզադաշտ, վերանորոգել ճանապարհներ, նոր ավտոբուսներ ձեռք բերել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միայն օլիմպիական մարզադաշտի կառուցման համար պահանջվել է ավելի քան 500 միլիոն դոլար։

«Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը երբեք այսչափ վատ չի եղել, վերևներում շարունակում են բարգավաճել կոռուպցիայի շնորհիվ, իսկ շարքային քաղաքացիները պայքարում են գոյատևելու և ազատության համար», - խաղերի մեկնարկից առաջ ադրբեջանական բանտից գրել է հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան։

Աշխարհի հեղինակավոր պարբերականների էջերում հրապարակված այդ նամակում Ալիևի մութ գործարքները բացահայտած լրագրողը, դիմելով միջազգային հանրությանը, կոչ է արել թույլ չտալ Ադրբեջանի կառավարությանը շեղել իրենց ուշադրությունը կոռուպցիայից և այլ չարաշահումներից։