«Եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար կլինի հասնել բանակցված կարգավորման», - այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Դիտարկմանը, թե ոմանք կարծիք են հայտնում, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերից հետո սահմանին լարվածությունը կարող է աճել, և հարցին, թե կիսում է արդյոք այդ մտավախությունը, տարածաշրջանային այցով երեկվանից Երևանում գտնվող ամերիկացի դիվանագետը պատասխանեց․ - «Ես, իհարկե, հույս ունեմ, որ նրանք սխալվում են: Այս հունվարին լարվածության հերթական աճը գրանցվեց, բայց դրանից հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվեց շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով: Կարծում եմ, սա լավ լուր է: Կողմերը պետք է աշխատեն պահպանել և հարգել զինադադարը: Վատագույն հետևանքը կլինի բռնությունների վերսկսումը, որը չի ծառայի խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կարող աշխատել բանակցված կարգավորման հասնելու ուղղությամբ, եթե հակամարտությունը ընդլայնվի: Համանախագահները, Միացյալ Նահանգները կոչ են արել կողմերին հարգել զինադադարը և աշխատել մեզ հետ հաջորդ քայլերի ուղղությամբ՝ հասնելու հարատև խաղաղության»:
Ուորլիքը հայտնեց, որ շաբաթավերջին նախատեսված է իր այցը Բաքու:
Հետաքրքրվեցինք՝ տևական ժամանակ է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարը չեն հանդիպում, ի՞նչ է տեղի ունենում փակ դռների հետևում, ի՞նչ են քննարկում դիվանագետները: «Այսօր իմ երևանյան այցի երկրորդ օրն է, և առջևում հանդիպումներն են նախագահ Սարգսյանի, արտգործնախարար Նալբանդյանի ու այլոց հետ: Մենք ակնկալում ենք լավ քննարկումներ Լեռնային Ղարաբաղին առնչվող հետագա քայլերի վերաբերյալ, և այդ հետագա քայլերից մեկը լինելու է նախագահների հանդիպումը: Անցած հոկտեմբերին երկու նախագահները պարտավորվեցին ակտիվացնել երկխոսությունը: Այդ հանդիպումից հետո շատ բան է փոխվել՝ ուղղաթիռի հետ կապված ողբերգությունը, շփման գծում լարվածության աճը, ինչպես նաև Հայաստանում հիշատակման արարողությունները, Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը, կրոնական միջոցառումները: Այս ամենի հետևանքով չկարողացանք կազմակերպել նախագահների հանդիպումը: Սակայն իմ այս այցի նպատակներից են նախագահների հնարավոր հանդիպման ժամկետներ նախանշելը և նախագահների կողմից քննարկվելիք հարցերի շրջանակը ձևակերպելը»:
Հիշեցմանը, որ օրեր առաջ Երևանում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարեց, որ Բաքվում իրեն առաջարկել են ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, և հարցին, թե ինչ է կարծում այդ առնչությամբ, Ջեյմս Ուորլիքն արձագանքեց․ - «Գոյություն ունեցող ձևաչափը ընդունել են կողմերը, և մենք շարունակելու ենք աշխատել այդ ձևաչափում: Եթե կողմերը որոշեն փոխել ձևաչափը, մենք կհարգենք նրանց որոշումը: Սակայն առայժմ մենք կշարունակենք մեր աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Բայց խնդիրը բանակցությունների ձևաչափը չէ, ի վերջո սա մի հակամարտություն է, որր վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն երկու երկրների նախագահներն ու ժողովուրդները: Երբ նրանք որոշեն, որ եկել է խաղաղության, բանակցված կարգավորման ժամանակը, մենք պատրաստ կլինենք միջնորդել, նպաստել այդ կարգավորմանը: Սա ձևաչափի հարց չէ, սա քաղաքական կամքի հարց է»:
Որոշ փորձագետների կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդլայնելու Բաքվի առաջարկության հետևում կանգնած է Ռուսաստանը: Կրեմլը խրախուսում է Ադրբեջանին՝ հեռանալու Մինսկի խմբից, և նպատակ ունի միայնակ հասնել ղարաբաղյան հանգուցալուծմանը, որից հետո Ադրբեջանը կհամաձայնի անդամակցել ԵՏՄ-ին:
Այս կապակցությամբ Ուորլիքն ասաց․ - «Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած գաղափար, որը կօգնի բանակցված կարգավորմանը: Ես լավ եմ աշխատում իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ ու չեմ կարծում, որ նա ունի ինչ-որ թաքնված մոտիվներ: Կարծում եմ, ռուսական կողմը աշխատում է Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ համատեղ՝ հասնելու խաղաղ կարգավորման: Այս գործընթացն արդեն շատ է ձգձգվում՝ ավելի քան քսան տարի: Երկու երկրների ժողովուրդները արժանի են խաղաղության և բարգավաճման: Կարծում եմ, սա մի բան է, որ ցանկանում են տեսնել նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը»:
Ամերիկացի համանախագահից հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանի իշխանությունները մեկ ամիս ժամանակ են տվել ԵԱՀԿ-ին՝ փակելու կազմակերպության գրասենյակը Բաքվում, սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան բանակացությունների վրա:
«Բոլորը համաձայն են, որ ԵԱՀԿ-ն կարևոր կազմակերպություն է ողջ Եվրոպայի համար, և ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան համաձայն են, ու մենք աշխատում ենք այդ կազմակերպության հովանոցի ներքո: Բայց դա Ադրբեջանի որոշումը պետք է լինի՝ իր մոտ ունենա՞լ ԵԱՀԿ գրասենյակ, թե՞ ոչ: Մենք կհարգենք այդ որոշումը: Ինչ վերաբերում է, թե դա ինչ ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, ասեմ, որ անկախ այն հանգամանքից՝ Բաքվում կլինի ԵԱՀԿ գրասենյակ, թե ոչ, մենք շարունակելու ենք հնարավորինս ակտիվորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ»: