Մատչելիության հղումներ

Ղարաբաղի կարգավորման հարցում Սերգեյ Լավրովը «ամրապնդվող լավատեսություն» ունի


Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը, արխիվ
Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, թե «ամրապնդվող լավատեսություն» ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է:

Նա Ղարաբաղի խնդրի մասին խոսել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կայացած երկօրյա բանակցություններն ամփոփող մամուլի համատեղ ասուլիսում:

«Ես, անկեղծ ասած, զգուշորեն, բայց ամեն դեպքում ամրապնդվող լավատեսությամբ եմ նայում ներկայիս իրավիճակին», - ասել է նա:

Նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ է ձգձգվել, Լավրովն ընդգծել է. - «Այն որ համաձայնության հասնելու հենք, իրական հենք կա, սրա հետ բոլորը համաձայն են, և հավանաբար հիմա գործն այն է, որ այդ համաձայնություններին կոնկրետ ձևակերպումներ տրվեն»:

«Սովորաբար դա ամենահեշտ գործը չէ, բայց կհամարձակվեմ հավաստիացնել, որ ռուսական ղեկավարության կողմից ակտիվությունը երբեք չի նվազել՝ աջակցելու կողմերի ջանքերին փոխընդունելի կարգավորում գտնելու համար»:

Լավրովն ասել է, որ երեկ մանրամասնորեն մի քանի ժամ շարունակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոտեցումները՝ «հաշվի առնելով վերջին տարիներին կատարված մեծ աշխատանքը՝ առաջին հերթին որ արվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, կիսելով Լավրովի լավատեսությունը, ասել է. - «Կիսում եմ լավատեսության նոտաները, որ հնչեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Կա թեմա, կա խնդիր, որն անհրաժեշտ է լուծել, օգտվելով Սերգեյ Վիկտորովիչի խոսքերից՝ այն արդեն գերհասունացել է»:

Ի դեպ, Լավրովը չընդունեց, որ ղարաբաղյան հակամարտության մասին ինքն ասել է, թե այն «գերհասունացել է»: Նա դիվանագիտորեն այս ուղղումն արեց՝ պատասխանելով ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերության հարցին՝ ամեն դեպքում ասելով, թե չի հիշում, որ օգտագործել է «գերհասունացել» բառը:

Ադրբեջանի արտգործնախարարին հարց ուղղվեց նաև Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի վերաբերյալ, որտեղ Ադրբեջանը համաձայն չէր Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կետին:

Մամեդյարովը երկար ներկայացրեց նախապատմությունը:

Ռիգայի հռչակագրի մասին նա ասաց, որ այն ամբողջովին ընդունում է գործընկեր բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, բայց միաժամանակ Ադրբեջանը պնդել է, որ այն արտացոլի նաև ՄԱԿ-ի 1993-ին ընդունած չորս բանաձևերը, որտեղ Հայաստանին կոչ է արվում դուրս բերել զորքերը Ադրբեջանի տարածքից:

Մամեդյարովի պարզաբանումներով, եվրոպացի գործընկերներն ասել են, որ հռչակագրում պետք չէ շատ մանրամասն ձևակերպումներ ներկայացնել, այդ դեպքում մյուս հակամարտություններին նույնպես հարկ կլինի մանրամասնորեն անդրադառնալ:

«Վերջին պահին մենք ասացինք, որ հնարավոր է նույնիսկ չմիանանք հռչակագրին և ի վերջո հանգեցինք փոխզիջումային տարբերակի հանգեցինք», - ասաց Մամեդյարովը. - «Մեր համապատասխան հայտարարությունը, ուր հղում կա ՄԱԿ-ի չորս բանաձևերին, կկցվի Ռիգայի ամփոփիչ հռչակագրին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG