Առաջիկա կիրակի օրը Հայաստանի 32 համայնքներում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ամբողջ քարոզարշավի ընթացքում Կենտրոնական կամ որևէ այլ ընտրական հանձնաժողովում որևէ դիմում, բողոք, ահազանգ չի ստացվել: «Ազատության» հետ զրույցում այդ մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նշեց, որ հունիսի 7-ին 32 համայնքներից 20-ում ընտրվելու են համայնքի ղեկավարներ, 12-ում՝ ավագանու անդամներ, իսկ երկուսում կլինեն և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ:
Կոնկրետ Աբովյանում անցկացվող քաղաքապետի արտահերթ ընտրությունների կապակցությամբ, որոնց քարոզարշավի ժամանակ թեկնածուներից մեկին ծեծեցին, մյուսի եղբայրը բերման ենթարկվեց, նույն անուն-ազգանուն-հայրանունով թեկնածու հայտնվեց և այլն, Մուկուչյանը ասաց․ - «Այնտեղ, փաստորեն, դեպքերից մեկը վերաբերում էր թեկնածուի հետ կապված միջադեպին՝ ծեծելու, հարվածելու հետ կապված: Ես տեղյակ եմ, որ համապատասխանաբար երկու կողմն էլ ներկայացրել են հայտարարություններ, միմյանց են մեղադրում՝ ումից է սկսվել, ինչպես է սկսվել: Բայց մի բան, թերևս, երբ վերլուծում ենք նույնիսկ թեկնածուի բացատրությունները և այլն, որ նա ներկայացնում էր տարբեր ԶԼՄ-ների միջոցով, ակնհայտ է, որ այստեղ, ըստ էության, ավելի շատ գործ ունեինք կենցաղային ինչ-որ միջադեպի հետ, որը տեղի էր ունեցել, և, թերևս, իմ կարծիքով, սա որակել որպես մի իրավիճակ, որով կազմակերպվել է թեկնածուի նախընտրական քարոզարշավը խոչընդոտելուն, սահմանափակելուն և այլն, իհարկե, կարծես թե էդպես չէ»:
«Նման միջադեպեր առօրյա կյանքում էլ են լինում, կարևորը՝ որ դրանք արձանագրվել են սահմանված կարգով, և դրանցով իրականացվում է քննություն», - ընդգծեց ԿԸՀ-ի նախագահը:
Ինչ վերաբերում է ընտրարշավի ժամանակ տեղ գտած այլ միջադեպերին, որոնց մասին հրապարակումներ են եղել լրատվամիջոցներում, Տիգրան Մուկուչյանը վստահեցրեց, որ և՛ Կենտրոնական, և՛ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հետևում են հեռուստատեսությանը, լրատվական կայքերին, փորձում են դրանց ահազանգերի հետքերով գնալ: Մինչ այժմ նման շրջայցերի արդյունքում, ըստ ԿԸՀ-ի նախագահի, ընտրական օրենսդրության լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հրապարակել է եզրակացություն, որ նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել: «Ինչպե՞ս է սա համադրվում թեկնածուների՝ էլի լրատվամիջոցներով արվող հայտարարությունների հետ, որ խոստումներ են արվում՝ «գույքահարկը կզիջենք, եթե ընտրեք», ասում են, որ նույնիսկ կտրոններն են իրենց մոտ, և անգամ ահազանգեր կան, որ ID քարտերով փորձելու են խախտումներ կազմակերպել, այս կապակցությամբ խմբեր են պատրաստել, որ ընտրատեղամասերում շրջելու են, և կլորիկ գումար է բաժանվելու», - այս հարցին ԿԸՀ-ի նախագահը արձագանքեց․ - «Ինչ վերաբերում է գույքահարկային կամ նմանաբնույթ խոստումներին և այլն, գիտե՞ք՝ քարոզարշավի ընթացքում շատ դժվար է ընդհանրապես սահմանագիծը, թե խոստումները, որոնք որ տրվում են, որքանով կարելի է դրանք, էսպես ասենք՝ համարել իրավունքի խախտում, համարել, մի դեպքում, խոստում, մեկ այլ դեպքում, չգիտեմ, ծառայությունների մատուցում և այլն: Բնականաբար, ցանկացած ծառայության խոստանալ նույնիսկ արգելված է: Ինչ վերաբերում է կոնկրետ էդ հրապարակումներին՝ գույքահարկի հետ կապված, նույն ձևով՝ ID քարտերի հետ կապված և այլն, գիտե՞ք, փաստական հանգամանքների տիրույթում, այսինքն՝ փաստական հանգամանք, որ եղել է ինչ-որ նախընտրական միջոցառում, որի ժամանակ մեկը բացահայտ հայտարարել է, և այլն՝ էսպիսի փաստեր չկան, որ հնարավոր լինի գնահատել»:
Միաժամանակ, Մուկուչյանը հավաստիացրեց, որ նման ահազանգերը չեն անտեսվում, «որովհետև առավել քան զգոն են դարձնում թե՛ ընտրատարածքային, թե՛ տեղամասային, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի առավել քան մեծ ուշադրություն սևեռի այս հարցերին»:
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․
Your browser doesn’t support HTML5