Մատչելիության հղումներ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանում է ՀՀԿ-ի սատարած թեկնածուին


Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանում է ՀՀԿ-ի սատարած թեկնածուին
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Վահագն Գևորգյանը վայելում է նաև ԲՀԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:

ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունից ամիսներ անց՝ առաջին անգամ, Աբովյանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում երկու կուսակցություններն էլ նույն թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին են սատարում, ով վայելում է նաև Գագիկ Ծառուկյանի աջակցությունը: Իշխող կուսակցությունը այս մասին հայտարարել էր շաբաթներ առաջ: Այսօր էլ վերակազմավորված «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարեց, թե քաղաքական որոշում է կայացրել անկուսակցական Վահագն Գևորգյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։

Օրեր առաջ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ազատության»-ն ասել էր, որ վերջինս առաջադրված 6 թեկնածուների շարքում ամենաարժանին է:

«Այն, որ Վահագն Գևորգյանը իրապես արժանի թեկնածու է, և շրջանառվող անունների մեջ Վահագ Գևորգյանին որպես զուսպ, պրոֆեսիոնալ, կիրթ, լավ մենեջերական հատկություն ունեցող անձնավորություն, կարող է իրապես լինել լավ քաղաքապետ», - ասաց Զոհրաբյանը:

Քարոզարշավը չսկսած՝ ընտրական կրքերը տեղում գնալով թեժանում են: Նախ՝ Հանրապետականը կուսակցության շարքերից հեռացրեց Արթուր Հարությունյանին, ով տարիներ առաջ մարտահրավեր էր նետել Գագիկ Ծառուկյանին, հիմա էլ մրցակցում է Ծառուկյանի սատարած թեկնածուի հետ՝ քաղաքի ղեկավարի ընտրություններում:

Առաջադրման վերջին օրն էլ թեկնածուների ցանկում հայտնվեց ևս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան: Ավելի վաղ առաջադրված Արթուր Հարությունյանը, կարծում է, որ իր ու շատերի համար անհայտ այս թեկնածուն ցուցակում հայտնվել է, որպեսզի իր ձայները փոշիացվեն:

«Ես շատ ուրախ եմ, որ իմ հակառակորդը շատ բարձր է գնահատում իմ շանսերը ու փորձում է շատ նենգ ճանապարհներով մարդկանց մոլորության մեջ դնել: Ես ոչ մեկին էլ չեմ համարում էսօր թեկնածու , քաղաքապետի թեկնածու այսօր հանդես է գալիս Գագիկ Ծառուկյանը իր ամբողջ շքախմբով: Միակ թեկնածուն, որ ես համարում եմ թեկնածու, դա Իսրայելյան Կարոն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Հարությունյանը:

Քաղաքականությունից հեռանալու մասին ամիսներ առաջ հայտարարած Ծառուկյանի խոսնակը, մինչդեռ «Ազատության» հետ զրույցում «տրամաբանությունից դուրս» որակեց Աբովյանի քաղաքապետի թեկնածուի այս պնդումները: Իվետա Տոնոյանը հավաստիացրեց՝ Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը, չի միջամտելու այս ընտրություններին և թեկնածուներից որևէ մեկի առաջադրման հետ որևէ կապ չունի:

«Եթե ինչ-որ մեկին ձեռնտու է իր ինքնագնահատականը բարձրացնելու կամ իրեն կարևորելու համար անընդմեջ և անտեղի շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը, ապա դա արդեն շատ նեղ անձնական ու հոգեբանների պարզելու խնդիրն է», - հայտարարեց Ծառուկյանի խոսնակը:

Ցուցակում նկատելով երկու Արթուր Գեղամի Հարությունյանների՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ենթադրում է՝ ընտրողներին մոլորեցնելու այս տեխնոլոգիան վկայում է ՀՀԿ-Ծառուկյան ջերմացող հարաբերությունների ու համագործակցության մասին:

«Նկատի ունենալով, որ այս ընտրությունները սերտորեն տեղավորվում են Գագիկ Ծառուկյանի ու Հանրապետական կուսակցության, Սերժ Սարգսյանի պայմանավորավծությունների շրջանակում, այն է՝ թողնել, որ Գագիկ Ծառուկյանը որոշի, թե ով է լինելու թեկնածուն, իսկ Հանրապետական կուսակցությունը, ըստ էության, սատարում է նրա թեկնածուին, կարելի է ենթադրել, որ հավասարապես, այս տեխնոլոգիայի պատասխանատվությունը նրանք երկուսով են կիսում, իսկ սա, ներեցեք, ազատ ընտրության մասին չէ», - ընդգծեց քաղաքագետը:

Վերջին օրը ցուցակում հայտնված Արթուր Հարությունյանի մայրը նախ հրաժարվեց նկարահանվելուց, ապա ասաց, թե տեղյակ չէ տղայի քաղաքական գործերից: Մեր երկար զրույցից հետո, այդուամենայնիվ, հաստատեց, որ արտերկրից վերջերս վերադարձած որդին հավակնում է Աբովյանի քաղաքապետի պաշտոնին:

Նրանց հարևանները, կրկին չներկայանալու պայմանով, «Ազատության»-ը պատմում էին, որ Աբովյանում գրանցված թեկնածուն հարևան գյուղերից մեկում մոր հետ անասնապահությամբ է զբաղվում: Հարևանները մեզանից լսեցին, որ Հարությունյանը ընտրապայքարի է դուրս եկել․ զարմացած էին․ - «Մի երկու հատ խոզ-մոզ են պահում գյուղ տեղ: Չի էլ աշխատում ոչ մի տեղ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG