Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցով խորհրդարանական լսումները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հունիսի 12-ին:
Ազգային ժողովի նախագահը հավաստիացրեց, որ լսումներին կհրավիրվի նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
«Ամբողջ հասարակությունը՝ մեզանից սկսած, լավ կլիներ, որ հնարավորություն լիներ, ընդհանրապես էներգիայի վարձ չվճարեին: Բայց մենք պիտի տեսնենք ինչ պայմաններում ենք և ինչպիսի լուծումներ ունենք կատարելու», - ասաց Գալուստ Սահակյանը:
Սահակյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև այդ հարցին:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ, առաջարկ է հնչել լսումներն անցկացնել դռնփակ․ - «Փակ քննարկումների ժամանակ նրանք ուղղակի ամենակոշտ ձևով կհերքեն մեղադրանքները և կշարունակեն իրենց գործը: Իսկ բաց քննարկման ժամանակ գոնե նրանց կբերենք հանրային կարծիքի դատաստանին: Որովհետև այդ մեղադրանքները կներկայացնենք, և թող իրենք պատասխանները տան հանրությանը»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նույնպես դեմ է դռնփակ լսումներին․ - «Եթե խոսվում է շոուի մասին, դրա հակառակ կողմը ծածկադմփոցն է: Որպեսզի մենք մեզ հարգենք, կարողանանք իսկապես հասկանալ, որ մենք ուզում ենք ինչ-որ հարց լուծել, նախ պետք է կարողանանք ամբողջությամբ, բաց, թափանցիկ ինֆորմացիան և՛ մենք ունենանք, և՛ մատուցենք ժողովրդին»:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ լսումներ ձևաչափը թողել է խմբակցությունների ղեկավարների հայեցողությանը․ - «Փոքր ծավալի քննարկումներով ավելի շատ խնդիրներ կարող են լուծել պատգամավորները, քան ավելի բացը: Ավելի բացի դեպքում բոլորը ներկայանում են, որ նույնիսկ եռավազը ընկնի գլուխներին և կոտորվեն հանուն ազգի: Իսկ փակ քննարկումների ժամանակ փորձում են լուծումներ գտնել»:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ մամուլը հեղեղված է ՀԷՑ-ի կատարած չարաշահումների, կեղծ ծախսերի մասին տեղեկություններով: Ասաց, որ խորհրդակցության ընթացքում բարձրացրել է լրատվամիջոցները հաղորդումները ստուգելու հարցը: Հավելեց, սակայն, որ պատրանք չունի, թե առաջարկն ընդունվելու է․ - «Եթե այդ թալանը չբացահայտվի և այդ թալանը ձևակերպվի որպես ծախս, ուրեմն միշտ էլ կարգավորող հանձնաժողովը կհաստատի այն գինը, որը ներկայացվում է ՀԷՑ-ի կողմից: Տեղի ունեցավ որոշակի եթե ոչ վիճաբանություն, ապա բանավեճ: Տեսնենք հիմա․ դա չկատարելը նշանակում է մի բան, որ ուղղակի կոծկում են այդ հանցագործությունը»:
Ռուբիկ Հակոբյանին նույնպես հուզում է ՀԷՑ-ի կուտակած 250 միլիոն դոլարին համարժեք պարտքը: Նրան համոզիչ չի թվում նաև սակագնի ձևավորման համակարգը․ - «Ես մասնագետ չեմ, բայց այս ընթացքում ինչքան կարողացա զրուցել մասնագետների հետ․․․ հիվանդ ոլորտ է: Հսկողությունից դուրս ոլորտ է: Անկախ մի պետություն է, անկախ մարմին է, որը մրցում է մեր պետական կառույցների հետ: Եվ ինքը կարող է քայլեր անել, որին դու տեղյակ չես, բայց հետագայում դու ես պատասխանատուն և դու ես այդ պարտքերի վճարողը»:
Հարցին, թե հնարավոր է, որ իշխող կուսակցությունը դիմի դատախազություն, Գալուստ Սահակյանը արձագանքեց․ - «Ցանկացած քաղաքացի կարող է դիմել: Ես փաստեր չունեմ: Գողությունը դուք եք ասում: Այսօր նորից ընդդիմադիրների հետ էի խոսում, ասում էին, որ փաստեր ունեն։ Ասի՝ դուք դրանով ժողովրդին վատ ծառայություն եք մատուցում: Պիտի դիմեք դատախազություն, եթե փաստեր ունեք»:
Ռուբիկ Հակոբյանի համար պետության բացթողումն ակնհայտ է․ - «Մեկի հետ խոսեցի, խոսում է այնպես, ինչպես մի անշունչ առարկայի մասին խոսի․․․ Վիրավորական է: Դու գիտես, որ քո ամբողջ հասարակությունը իր ամբողջ կենսակերպը, կենցաղը ամբողջությամբ պայմանավորում է, անցնում է այս պրիզմայով․․․ Իսկ ինքը այնպես է խոսում, որ խոսելն իսկ արդեն վիրավորական է դառնում: Քեզ ոչ էլ բացատրում է, թե դա ինչ է: Կա՛մ չգիտի ինչ բացատրի, կա՛մ գիտի, ասում է՝ դու ո՞վ ես, որ ես քեզ ինչ-որ բան բացատրեմ»: