Բելառուսի 53-ամյա քաղաքացի Յուրի Ռուբցովը այսօր դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Մեղադրողը պահանջել էր երեք տարվա ազատազրկում: Ռուբցովը, դատավճիռը լսելով, բացականչել է՝ «Կեցցե' Բելառուսը»:
Յուրի Ռուբցովը ավտոբուսի վարորդ է: Բողոքի տարբեր ակցիաներին մշտապես ներկայացել է «Լուկաշենկո, հեռացի'ր» գրությամբ շապիկով, և, իր մեկնաբանությամբ, հենց այդ պատճառով են իշխանությունները տարիներով հետապնդում իրեն:
Ուղիղ մեկ ամիս առաջ ևս, չնայած մի շարք զգուշացումներին, Յուրի Ռուբցովը բողոքի ակցիաներին մասնակցել էր «Լուկաշենկո, հեռացի'ր» պահանջը պատկերող շապիկով:
«Ազատության» հարցին ի պատասխան նա ասել էր, որ իր համար կարևորը ոչ թե կոռումպացված ոստիկանների ու իշխանությունների պահանջներն են, այլ՝ Սահմանադրությունը:
«Ես պատրաստ եմ ձերբակալության, քանի որ ես գիտեմ՝ մեր երկրում դատական համակարգ չկա, մենք ապրում ենք երկրում, որտեղ կարևորը հասկացություններն են, ոչ թե օրենքը: Ես ոչ մի օրենք չեմ խախտում, ես գործում եմ Սահմանադրությանը համապատասխան», - նախքան հերթական ձերբակալությունը հայտարարել էր Բելառուսի քաղաքացին և հավելել, - «Չձերբակալել ինձ` նշանակում է բոլոր մարդկանց հնարավորություն տալ հագնել նման շապիկներ: Ահա այդ պատճառով էլ ինձ ձերբակալում են: Ահա և վերջ»:
Այս ակցիայից հետո Ռուբցովին ձերբակալել են, հետո կալանավորել՝ պատժի կրումից խուսափելու մեղադրանքով: Ավելի վաղ Ռուբցովը դատապարտվել էր 1.5 տարվա պայմանական ազատազրկման՝ դատավորին վիրավորելու համար, և պարտավոր էր պայմանական ազատազրկման ժամանակահատվածում ներկայանալ համապատասխան մարմիններին:
Սակայն իր դեմ կայացրած դատավճիռը հետապնդում համարելով՝ նա անտեսել է իրավապահների պահանջները և հիմա կրկին հայտնվել ամբաստանյալի աթոռին՝ չհրաժարվելով Լուկաշենկոյին հասցեագրված պահանջից:
Երեկ դատական վերջին նիստի մեկնարկին Ռուբցովը տեսախցիկների առջև հանել էր վերնաշապիկը և ցուցադրել մարմնի դաջվածքը․ կրծքավանդակին մուգ տառերով է դաջված՝ «Լուկաշենկո, հեռացի'ր»: Նա դատական ամբողջ նիստին մասնակցել էր կիսամերկ: