Ակնկալվում է, որ այսօր բելառուսական դատարանը կհրապարակի դատավճիռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը տարիներ շարունակ, դատական մի շարք գործերի քննության ժամանակ էլ տարբեր ձևերով պահանջող քաղաքացու վերաբերյալ:
Մեկուսարանում 50 օր հացադուլը շարունակող 53-ամյա Յուրի Ռուբցովը երեկ դատական վերջին նիստին մասնակցել է կիսամերկ՝ ցուցադրելով իր կրծքավանդակի մուգ տառերով դաջվածքը՝ «Լուկաշենկո, հեռացի՛ր» վերտառությամբ: Յուրի Ռուբցովը վերնաշապիկը հանել է դատական նիստի մեկնարկին՝ տեսախցիկների առջև: Դատավորը ոչինչ չի ասել, իսկ նախքան նրա դալիճ մտնելը ուղեկցող դասակի ներկայացուցիչը երկու անգամ պահանջել է՝ «հանգնվե'ք, խնդրում եմ»: Ռուբցովը, սակայն, պահանջին չի ենթարկվել։
Դատավորը, թեև անհետևանք է թողել Ռուբցովի կիսամերկ ներկայությունը, փոխարենը վերջինիս դաջվածքի նույնաբովանդակ գրությամբ շապիկներ հագած քաղաքացիներին հեռացրել է դահլիճից՝ պատճառաբանելով, թե նրանք կարգ են խախտում, երբ նիստին մասնակցում են «Լուկաշենկո, հեռացի՛ր» գրությամբ հագուստով:
Յուրի Ռուբցովը մեղադրվում է պատժի կրումից խուսափելու մեջ: Ավելի վաղ դատապարտվել էր 1.5 տարվա պայմանական ազատազրկման՝ դատավորին վիրավորելու համար, և պարտավոր էր պայմանական ազատազրկման ժամանակահատվածում ներկայանալ համապատասխան մարմիններին: Սակայն իր դեմ կայացրած դատավճիռը հետապնդում համարելով՝ նա անտեսել է իրավապահների պահանջները և հիմա կրկին հայտնվել ամբաստանյալի աթոռին՝ չհրաժարվելով Լուկաշենկոյին հասցեագրված պահանջից: Նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում:
53-ամյա քաղաքացին, չնայած 50-օրյա հացադուլին, երեկ դատարան է ներկայացել ինքնավստահ, խիստ հայացքով: Լուկաշենկոյին անվանել է «ինքնահռչակ թագավոր»:
Հետաքրքիր է, որ դատավորը, ի տարբերություն Լուկաշենկոյի հասցեին ամբաստանյալի հայտարարությունների, հանդուրժողականություն է դրսևորել, երբ իր՝ դահլիճ մտնելու պահին կանգնած քաղաքացին անմիջապես նստել է: Հայաստանում դատավորները չեն հապաղում նման դեպքերում դահլիճից անմիջապես տասն օրով հեռացնել ամբաստանյալին: Այն, ինչ Հայաստանում նախընտրել է քաղաքական դատավարություններից հանրահայտ, «7-ի գործը» քննած Մնացական Մարտիրոսյանը: Չմոռանանք նաև, որ վերջին ամիսներին իր՝ դատարան մուտք գործելու պահին ոտքի չկանգնելու հետևանքով Հայկ Կյուրեղյանին դահլիճից հեռացնում էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Արմեն Բեկթաշյանը: Վերջինս երկու օր առաջ Հայկ Կյուրեղյանին դահլիճում ներկա լինելու հնարավորություն ընձեռեց՝ միայն նրա ցուցմունք տալու անհրաժեշտության պատճառով:
Բելառուսցի դատավորը, որը չնկատելու է տվել Ռուբցովի նստած լինելը՝ «ոտքի, դատարանն է գալիս» հիշեցումից հետո, խորհրդակցական սենյակ մտնելուց առաջ մերժել է պաշտպանի վերջին միջնորդությունը և հրաժարվել գործին կցել փաստաթղթեր, ըստ որոնց՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները «Լուկաշենկո, հեռացի՛ր» կոչը տարիներով շարունակող քաղաքացու անունը ներառում են քաղհալածյալների ցանկում: