«Ոչ թալանին» նախաձեռնության խմբի անդամներն այսօր իրազեկման ավտոերթ անցկացրեցին Երևանի հիմնականում ծայրամասային թաղամասերում։
Այսօրվանից սկսած նրանք ամեն օր այսպիսի ավտոերթով հանրությանը տեղեկացնելու են մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կայանալիք մեծ բողոքի երթի մասին։ «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունը, հիշեցնենք, էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրանով բարձրացնելու հայտով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։
Ինչպես այսօր ավտոերթից առաջ «Ազատությանն» ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը, համոզված են՝ իրենց բողոքի ակցիաներով կկանխեն էլեկտրաէներգիայի, ըստ ակտիվիստների, ապօրինի թանկացումը։ Բողոքի ակցիաներով արդյունքի կհասնենք, ասում է Մաքսիմ Սարգսյանը։
«Իրազեկման ակցիաներին մասնակցելով, քաղաքացիների հետ շփվելով, տեսնելով մարդկանց տրամադրվածությունը, թալանվելու էլ տեղ չկա։ Ես համոզված եմ, որ պայքարը կհաջողի։ Թանկացնելու փոխարեն մեր իշխանությունը պարտավոր է քրեական գործ հարուցել պարզելու համար, թե որտեղ են փոշիացել այդ փողերը։ 250 միլիոն դոլարը բավականին մեծ գումար է, որը այս պահին փաստացի չկա»,- ասաց Սարգսյանը։
Նախաձեռնության անդամները հույս ունեն, որ լայն թափ կստանա իրենց պայքարը, ինչպես դա տեղի ունեցավ 2 տարի առաջ տրանսպորտի սակագնի թանկացման պարագայում։ Քաղաքի իշխանությունները փոխեցին ուղեվարձի սակագինը թանկացնելու մասին իրենց որոշումը։ Արդեն իսկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին միանալու մասին հայտարարությամբ հանդես են եկել մի շարք հասարակական կազմակերպություններ, քաղաքական ուժեր, ինչպես, օրինակ, Հայ ազգային կոնգրեսը, «Հիմնադիր խորհրդարանն» ու «Հայազն» կուսակցությունը։
«Մեր պայքարը քաղաքացիական է։ Պայքարում են քաղաքացիները իրենց իրավունքի համար։ Այստեղ սոցիալական խնդիր է, ոչ քաղաքական»,- ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամը։
Այսօր ակտիվիստների կոչերին երևանցիների մի մասը հուսահատ, մյուս մասը ոգևորված էին արձագանքում։ Բայց շատերը, քննադատելով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը, ձեռքները թափ էին տալիս։
«Մեկ ա ով ինչ ուզում է, անում է։ Ժողովրդի կարծիքն ո՞վ է հարցնում։ Իրանք ուտում են, ժողովրդի կաշվից հանում են»,- ասաց երևանցի մի կին։
«Մեր Ազգային ժողովը գիշերը չի քնում, մտածում է՝ ինչ թանկացնի։ Էս սրանցից չեմ զարմանում, ինչ ասես կանեն»,- դժգոհեց տարեց մի քաղաքացի։