ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ առաջարկությունների նոր փաթեթ ստորագրել

Your browser doesn’t support HTML5

Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից երեք օր առաջ Եվրամիությունը հայտարարում է՝ պատրաստ է Հայաստանի հետ առաջարկությունների նոր փաթեթ ստորագրել, այն էլ ոչ միայն քաղաքական մասով։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան «Ազատությանը» տված հարցազրույցում հրաժարվեց մանրամասներ հրապարակել, սակայն նշեց, որ Լատվիայի մայրաքաղաքում սպասվող գագաթաժողովը նոր հնարավորություններ կարող է ընձեռել Հայաստանին։

«Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ արդեն պատրաստ է, այն կարող է ընդունվել Ռիգայի գագաթաժողովում, բայց քանի դեռ այդ փաստաթղթերը բանակցային փուլում են, ես չեմ կարծում, որ այս պահին ճիշտ կլինի մանրամասներ հաղորդել։ Բայց հստակ կարող եմ ասել, որ միայն քաղաքական համագործակցությամբ չենք սահմանափակվելու։ Բոլոր այն ուղղությունները, որոնք նախանշվել էին 2013 թվականի Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, պետք է որ արդեն հաստատում գտնեն այս փաստաթղթերում և ստորագրվեն»,- ասաց Եվրամիության դեսպանը։

Չնայած որ 2013-ին երեք ու կես տարի բանակցելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց հետ կանգնել Ասոցացման համաձայնագրից, Հրիսթեան ընդգծում է՝ Եվրամիությունը հարգանքով մոտեցավ այդ որոշմանը և չդադարեցրեց ու մինչ այժմ շարունակում է ֆինանսական աջակցությունը Հայաստանին՝ նախապես համաձայնեցված ոլորտներում։

«Արդեն կարող եմ ասել, որ մենք այս տարվա սկզբից սկսել ենք իրականացնել, այսպես ասած, վերանայված հանձնառությունները, կամ արդեն նոր հաստատված համաձայնությունները Հայաստանի հետ, ինչպես նաև ֆինանսական ամբողջ փաթեթը, որը ստորագրվեց այս տարվա սկզբին՝ 140-170 միլիոն եվրոյի չափով։ Պետք է նշեմ, որ նույնիսկ եթե գնահատենք այս աջակցությունը մեկ շնչի հաշվով, կարող եմ ասել, որ այն շատ հստակ համեմատելի է, և նույնիսկ հավասար այն աջակցության հետ, որը տրամադրվում է արդեն Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներին»,- ընդգծեց Եվրամիության ներկայացուցիչը։

Եվրամիությունն, ըստ Հրիսթեայի, հետևում է նաև նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին։ Վենետիկի հանձնաժողովի նման Եվրամիությունը ևս կարևորում է, որ մայր օրենքի փոփոխության հարցում իշխող Հանրապետականը լայն քաղաքական կոնսոլիդացիա ձևավորի։

«Եվրամիությունը միտված է հետևելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին, որոնց հիմնական ուղղությունը վերաբերում է գործընթացը հնարավորինս համակողմանի դարձնելուն, այսինք հնարավորինս շատ շահագրգիռ կողմերին այս հարցում ներգրավելուն, և իհարկե, մենք կշարունակենք հետևել այս գործընթացին»,- ասաց Հրիսթեան։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ ԵՄ դեսպանն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը շարունակում է մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում, սակայն դժվարացավ պատասխանել հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռիգայի գագաթաժողովը Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հերթական հանդիպման առիթ դառնալ։