Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի անդամ Հովսեփ Խուրշուդյանը համոզված է, որ մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի:
Գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ Խուրշուդյանը սոսկ հավանական համարեց, որ Ասոցացման համաձայնագիրը, որը չստորագրվեց 2013 թվականին, ձևափոխված տարբերակով քննարկվի, և ձեռք բերվի նոր համաձայնություն։
«Պաշտոնական ներկայացուցիչները հաստատեցին դա, որ որևէ պաշտոնական բանակցություն այդ ուղղությամբ չկա, այլ կան ընդամենը քննարկումներ, որպեսզի սկսվի այդ բանակցությունները ձևափոխված, Ասոցացման պայմանագիր «լայթս», «պլյուս» կամ ոնց ուզում եք անվանենք, ընդհանրապես Ասոցացման համաձայնագիր դա կարող է չանվանվել, բայց ինչ-որ ձևաչափով այն փաստաթուղթը, որ բանակցվել է չորս տարի, որոշակի տարհանումներով այն հատվածների, որոնք հակասում են Եվրասիական տնտեսական միության դրույթներին, ինչ-որ ձևով նորից կնքվի», - ասաց նա։
Եվրամիության արտաքին գործերի վարչության պետի տեղակալ Անտոնիո Մարտինսն ամիսներ առաջ հայտարարել էր, թե իրենք արդեն պատրաստ են Հայաստանի հետ նոր բանակցությունների մանդատ տալու համար դիմել եվրոպական կառույցներին: «Ենթադրում եմ, որ բանակցությունները երկար չեն տևի, քանի որ Ասոցացման նախկին համաձայնագիրը կօգտագործվի որպես մեկնակետ, այսինքն այն ժամանակը, որ ծախսել ենք Ասոցացման համաձայնագրի բանակցությունների վրա, ամբողջովին կորսված չէ», - ասել էր նա։
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, եվրոպացի և հայ պաշտոնյաները զգուշավոր հայտարարություններից այն կողմ չեն անցնում և ռուսական կողմի պատճառով անորոշ վիճակում են հայտնվել։
«Եվրամիությունը և Հայաստանը, իհարկե, գիտեն, թե ինչ ստոորագրել: Պարզապես չեն կողմնորոշվում, թե ինչպես ստորագրել դա, որովհետև հիմնական խնդիրը մնում է ռուսական ռեակցիան, իսկ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից չափազանց բարձր է։ Թերևս սա է պատճառը, որ ԵՄ պաշտոնյաները և Հայաստանի պաշտոնյաները չեն կարողանում հանրությանը ներկայացնել, թե ինչ է սպասվում Ռիգայում։ Բանակցության առարկան շատ հստակ է: Նրանց համար խնդիր չէ այդ նախկին բանակցված տեքստից ինչ-որ բաներ հանել, դնել մի թղթի վրա և ստորագրել: Պարզապես խնդիրը այն է, թե ինչպես կվերաբերվի Ռուսաստանը դրան և ինչպես կարգելափակի այդ ամենը», - մանրամասնեց Սաֆարյանը։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եվրոպական գնացքից հերթական անգամ դուրս չմնալու համար կարևորում է լրատվամիջոցների դերն ու դրանց անկողմնակալ աշխատանքը։
Ի դեպ, այս տարի առաջին անգամ գագաթնաժողովի ընթացքում նաև մեդիա կոնֆերանս կանցկացվի, որտեղ կքննարկվեն մամուլի ազատության և Եվրամիության կողմից տարբեր երկրների լրատվամիջոցների հնարավոր աջակցման ծրագրեր։
«Լրատվամիջոցների կողմից, քաղաքացիական հասարակության կողմից իրազեկման աշխատանքը պիտի շատ ավելի բարձր մակարդակի վրա լինի, քան եղել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում: Եվ շատ հեշտ եղավ մի քանի ամիսների ընթացքում խեղաթյուրել ամբողջ բովանդակությունը այդ փաստաթղթի և մարդկանց մեծ մասին համոզել, որ դա մեզ պետք չէ, դա մեզ վնաս է, և շատ ճիշտ ենք արել, որ սեպտեմբերի 3-ին հակառակ ուղղությամբ ընտրություն ենք կատարել», - ասաց Նավասարդյանը։