Սյունիքի մարզպետի ընտանիքը պնդում է, որ Տիգրան Խաչատրյանը Հայաստանում է

Խաչատրյանների առանձնատունը Գորիսում, արխիվ

Մինչդեռ, Քննչական կոմիտեն օրերս հայտարարել էր, որ չեն կարող Գորիսի ծեծկռտուքի մասնակիցներին ու վկաներին բերման ենթարկել՝ «քանի որ նրանք մայիսի 8-ից բացակայում են երկրից»։

Խաչատրյանների ընտանիքը շարունակում է պնդել, որ Գորիսում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանության մասնակից, Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը Հայաստանում է:

Քննչական կոմիտեն օրերս հայտարարել էր, որ չեն կարող ծեծկռտուքի մասնակիցներին ու վկաներին բերման ենթարկել, «քանի որ նրանք մայիսի 8-ից բացակայում են երկրից»։

«Միայն կարող եմ ասել, որ Տիգրան Խաչատրյանը երկրում է, վերջ», - այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը:

Մայիսի 2-ին «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանությունից ու ծեծկռտուքից հետո 32 տարեկան Հարութ Զաքարյանը կորցրել է մեկ աչքի տեսողությունը, մյուս եղբայրը՝ քթի վիրահատություն է տարել։ Դեպքից երկու օր անց քրեական գործ է հարուցվել խուլիգանության փաստով, սակայն մինչ օրս պաշտոնապես չի հաղորդվում այս գործով բերման ենթարկվածների կամ մեղադրյալների մասին։

Մինչ իրավապահները լռում են ու երկու շաբաթ շարունակ քննում, բայց չեն գտնում Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի մեղավորներին ու մասնակիցներին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ոստիկանություն, շնորհավորել անցած տոնի առթիվ, ոմանց պարգևներ ու կոչումներ շնորհել։ Առանց որևէ բառ ասելու երկու շաբաթ առաջ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին՝ նախագահը ոստիկաններին սառնասրտության ու համբերատարության կոչ է արել։

«Ձեր ծառայությունն առանձնահատուկ է և դժվարին: Դուք իսկապես բարդ, բայց նաև շնորհակալ և պատվաբեր աշխատանք եք կատարում: Միաժամանակ պետք է խոստովանել, որ մեր հասարակության մեջ, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, ոստիկանների գործողությունների հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ», - իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը ու հավելել․ - «Համոզված եմ, որ ձեր նվիրվածությունը գործին, սկզբունքայնությունը և արհեստավարժությունը ոչ միայն շարունակելու են բարձրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հեղինակությունը և օրինապահության մակարդակը մեր երկրում, այլ նաև դառնալու են ժողովրդավարական պետության ու ազատ հասարակության կարևոր բաղկացուցիչներ»:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին իր մոտեցումների համար՝ նշելով, որ նախագահը գերազանցել է իրենց ակնկալիքները։

«Այն ակնկալիքները, որ ունեին մեր տղաները, մի բան էլ գերազանցվեց Ձեր շնորհներով, որ տվեցիք մեր ոստիկաններին: Պարո՛ն նախագահ, ոստիկանության անունից հավաստում եմ, որ մենք հավատարիմ ենք մնալու մեր երդմանը, Սահմանադրությանը, որի երաշխավորն եք Դուք», - իր խոսքում ասել է ոստիկանապետը: