«Ե՛վ այս գիշեր, և՛ վաղը ամբողջ օրը անցկացնելու ենք այստեղ՝ մեր պահանջով՝ վճարել մեր աշխատավարձերը, վերագործարկել «Նաիրիտ»-ը», - ասաց բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Նաիրիտցիներին դուր չէր եկել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի երեկվա հայտարարությունը աշխատավարձի պարտքը մինչև տարեվերջը մարելու մասին։ Նրանք տարակուսում էին, թե ինչու են նորից ձգձգում վճարումը, եթե Միջպետական բանկի հետ համաձայնությունը կայանալու է առաջիկա օրերին:
«Այս մի քանի օրը բոլոր կազմակերպությունները, բոլոր լրատվամիջոցները հաղորդել են, բոլորը գիտեն, որ նստացույց ենք կազմակերպելու: Կարծում եմ, ըստ դրա, հաջորդ կառավարական խաբուսիկ ակցիան եղավ, որ այս երկու օրվա ընթացքում Միջպետական բանկի կողմից կզիջեմ մեր գույքը, գրավի տակից կհանեն և մեր աշխատավարձի պարտքի մարումը կստացվի: Կարծում եմ, որ այս մի ակցիան նույնպես միտված է մեր պայքարը թուլացնելու համար: Չհավատա՛ք», - բախտակիցներին դիմեց նաիրիտցիներից մեկը։
Գործարանի աշխատողները համաձայն չեն նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ անցկացված աուդիտին, թեքիմիական հսկայի վերագործարկումն այլևսնպատակահարմար չէ: Նրանք համոզված են, որ եթե գործարանը հնարավոր էր աշխատեցնել արցախյան պատերազմի դժվարին տարիներին, ապա այսօր էլ ելքեր կարելի է գտնել:
«Մեր մասնագետները պնդում են, որ 50-70 միլիոն դոլարով «Նաիրիտ»-ը կարելի է վերագործարկել: Եվ այդ պնդմանը չի կարելի չհավատալ, որովհետև 1991 թվականին, երբ «Նաիրիտ»-ը փակվել է, ընդամենը երկու տարի հետո, արցախյան պատերազմի ամենադժվարին շրջանում՝ 1993 թվականին նորից վերագործարկվել է: Ի՞նչ գումարով, 300 միլիո՞ն են ներդրել, որ «Նաիրիտ»-ը վերագործարկել են․․․ Մասնագետների շնորհիվ և քաղաքական կամքի շնորհիվ», - ասաց Անուշ Հարությունյանը:
Արդեն վեց ամիս է, ինչ «Նաիրիտ»-ի աշխատողներն առանց որևէ քաղաքական ուժի աջակցության պայքարում են իրենց իրավունքների վերականգնման համար։ Այսօր նրանք իրենց ձեռքով պատրաստած թռուցիկներ էին բերել։
«Այսօր յուրաքանչյուր աշխատավոր կարող է կանգնել նույն խնդրի առաջ, ինչ որ մենք: Գործազուրկ դարձել են մոտավորապես 1700 քաղաքացի, չենք ստացել մեր վերջնահաշվարկները: Սա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Այդ իսկ պատճառով այս թռուցիկները պատրաստվում ենք բաժանել անցորդներին, փակցնել քաղաքում՝ կանգառներում, վերելակների մոտ, բակերում: Հույս ունենք, խնդրում ենք, որ միանան մեր բողոքի ակցիաներին: Դրանով իսկ, վստահ եմ, մեր պայքարը ավելի արդյունավետ կդառնա», - ասաց Արփի Թագոյանը: