Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները դատախազություն հաղորդում կներկայացնեն հանցագործության մասին


Նաիրիտցիները դատախազություն հաղորդում կներկայացնեն հանցագործության մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:26 0:00

Գործարանի աշխատողների խոսքով պատկան մարմինները վաղուց պետք է սկսած լինեին այս գործընթացը:

Այսօր նախագահական «Նաիրիտ» գործարանի աշխատողների ցույցը սկսվեց նամակի հրապարակմամբ։ Դատախազությանն ուղղված այդ գրությունումգործարանի աշխատողները հաղորդում են ներկայացնում պետական հանցագործության մասին, պնդելով, թե գործարանի միջոցները յուրացվել են, ինչի հետևանքով էլ իրենք ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել։

«Անհայտ է 180 միլիոնը ուր է գնացել, որ գործարանը այս վիճակում է հայտնվել: Մենք գումարները, մեր աշխատավարձերը ուզում ենք այսօր և հիմա: Մեր դատախազությունը, մեր կառավարությունն ընդհանրապես վաղուց պիտի սկսած լինեին այդ գործընթացները՝ այն պահից, երբ գործարանը կանգնեց, և մենք չէ, որ դրա համար պիտի դիմեինք», - «Ազատության» հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:

Մի քանի ժամ նախագահի նստավայրի առաջ կանգնելուց հետո նրանք շարժվեցին Ազգային ժողով՝ պահանջելով հանդիպում խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

Ցուցարարներին նախ մոտեցան ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները։ Պատգամավորները նաիրիտցիներին հորդորում էին միասնական լինել և պայքարել՝ վստահեցնելով, որ ԱԺ «Նաիրիտ»-ի հարցով զբաղվող հանձնաժողովն ակտիվ գործում է:

«Ձեր խեղճանալը մեր խեղճանալն էլ ա, դուք չպետք ա խեղճանաք, դուք ձեր իրավունքների տերը կանգնեք։ Երվանդը ոչինչ չի կարող անել, վարչապետը ոչինչ չի կարող անել, եթե պինդ կանգնած լինեք», - նաիրիտցիներին ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Այսօր հրատապ պետք է ընդունվի օրենք «Նաիրիտ»-ի ակտիվների պաշտպանության համար։ Սա հիմնական հարցերից մեկն է, որովհետև վաղը ակտիվները կարող են ծախել։ Չնեղանաք, բայց նաև մասնակի աշխատավարձը փակելու համար և հետո էլ կարող են ասել՝ ակտիվները ծախել ենք, «Նաիրիտ»-ը այլևս հնարավոր չէ վերագործարկել», - նշեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի կարծիքով էլ «Նաիրիտ»-ի հարստությունն այնտեղ աշխատող մարդիկ են, և եթե այդ ներուժը կորչում է, վերագործարկումն ավելի անհավանական է թվում։ Այս շաբաթվա ընթացքում գործարանում իրականացվող աուդիտից հետո, պարզ կլինի՝ արդյոք գործարանը կարող է աշխատել, թե ոչ։ Ի դեպ, աուդիտն իրականացնում է մի ընկերություն, որը ավելի վաղ մեկ անգամ արդեն դրական գնահատական էր տվել վերագործարկման հնարավորությանը:

«Նույն «Ջեկոբս» կազմակերպությունը նույն մարդկանցով եկել է աուդիտ անցկացնելու, ինչը անցկացրել է երկու տարի առաջ։ Մենք սա գնահատում ենք ժամանակ ձգելու ևս մի քայլ։ Չի կարող մի կազմակերպություն մի անգամ տալ դրական պատասխան, երկրորդ անգամ տալ բացասական պատասխան, երբ պատասխանը եղել է մեկ տարի առաջ։ Մեկ տարվա, երկու տարվա ընթացքում գործարանը իդեալական վիճակում պահպանվել է», - ասաց «Նաիրիտ»-ի ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:

Քիչ ավելի ուշ ցուցարարների մոտ եկավ նաև հանրապետական Վարդան Այվազյանը։ Երբ հավաքվածներից ոմանք նշեցին, որ նրան առաջին անգամ են հանդիպում՝ պատասխանեց, որ եթե իրեն չեն վստահում, ապա կարող է չզբաղվել «Նաիրիտ»-ի խնդրով։ Պնդեց, որ կառավարության մեղքի բաժինը չնչին է, հիմնական մեղավորը գործարանի նախկին տնօրինությունն է։

«Պետության բաժնեմասը 8 տոկոս ա ըտեղ, մնացած 92 տոկոսը էդ ձեր ղեկավարություն կոչեցյալների հետ կապված նենց վրոդի ծախել են, հետո հետ եք վեկալել, սենց որ նայում ես գլխիդ վերևը շարիկներ ա պտտվում», - ասաց Այվազյանը։

Հանդիպման ավարտին որոշվեց հաջորդ շաբաթ «Նաիրիտ»-ի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքների մեջ ներգրավել նաև գործարանի ներկայացուցիչներին և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։ Մինչ այդ գործարանի աշխատողները կշարունակեն բողոքի ցույցերը և վաղը կհավաքվեն գործարանի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG