ԱԺ-ում Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարում են միայն ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»

Your browser doesn’t support HTML5

Խորհրդարանական ուժերից միայն Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգություն»-ն են Շանթ Հարությունյանին ու ընկերներին ճանաչում քաղաքական բանտարկյալներ։

Դաշնակցությունը վկայակոչում է Եվրոպայի խորհրդի սահմանած չափորոշիչները. մասնագետները պետք է որոշեն՝ այս գործը տեղավորվո՞ւմ է այդ շրջանակում, թե՝ ոչ:

Այլընտրանքից ընդդիմադիր դարձած «Բարգավաճ Հայաստանը» նույնպես չի շտապում քաղաքական հետապնդման մասին բարձրաձայնել։

«Քաղաքական հալածյալներ ձևակերպումը այնքան տարողունակ է, որ ես այս պահին ձեռնպահ կմնամ այդ հարցով որևէ կոնկրետ և հստակ բան ասելուց»,- նշեց կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը միաժամանակ մտահոգված է՝ պատժաչափերը խիստ են, ԲՀԿ-ն մտադիր է առաջիկայում հանդիպել արդարադատության նախարարին, Հովհաննես Մանուկյանի առջև նաև այս հարցն են բարձրացնելու։

«Վեց տարի սպանության հոդվածի համար են տալիս։ Եթե մենք ընդունենք անգամ, որ կատարվածը խուլիգանություն է, ինքս իրավաբան չեմ, բայց բացարձակ անհամաչափ դատավճիռ էր»,- ասաց ԲՀԿ-ի ղեկավարը։

Զարուհի Փոստանջյանը կտրականապես բացառում է խուլիգանության սցենարը։ Ընդդիմադիր պատգամավորը ոչ միայն «արժեքների հեղափոխության» գործով դատավարությանն է հետևել, այլ հենց նոյեմբերի 5-ի ականատեսն է։ Այդ օրը Փոստանջյանն Ազատության հրապարակում էր։

«Սա ուղղակի քաղաքական հետապնդում է»,- պնդում է ընդդիմադիր պատգամավորը.- «Նրանց գործողությունների մեջ որևիցե հանցակազմ չկա, մարդիկ դուրս են եկել, բողոք են ներկայացրել, դա իրենց իրավունքն է։ Եթե ոստիկանությունը խնդիր ուներ ինչ-որ իրավախախտում կանխելու, դա պետք է աներ նախօրոք, մինչդեռ հասկանալի է, որ հենց ոստիկանությունը ինքն էլ է ցանկացել, որ ինչ-որ մի բան տեղի ունենա»։

Վճռաբեկ դատարանի մերժումից հետո երեկվանից ուժի մեջ մտած դատավիճռը, Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, անձամբ Սերժ Սարգսյանն է կայացրել․ դեռ դատավարության փուլում Շանթի մասին խոսելիս նա «հանցագործ» բառն էր օգտագործել։

«Ճնշել բոլոր այսպիսի ընդվզումները. սա այն օրինակներից է, որ նա փորձում է ցուցադրել՝ «ես եմ որոշում կայացնողը, ցանկացած քաղաքական իրադարձության դեպքում, երբ դա ինձ համար ցանկալի չէ, ես կարող եմ որոշում կայացնել»»,- ասաց Փոստանջյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ընդդիմադիր «Ժառանգություն»-ը գնահատում է՝ Հայաստանը դուրս չեկավ արատավոր շրջապտույտից, նորից քաղբանտարկյալի խարան կա։

«Օր առաջ պետք է բոլորին ազատ արձակել և օր առաջ պետք է այս հարցը լուծել։ Եթե չենք լուծում, ապա մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանը հետամնաց համակարգ ունեցող մի միավոր է»,- ընդգծեց Փոստանջյանը։

Հանրապետական Հովհաննես Սահակյանն ասում է՝ կռահում է, թե ինչու են ընդդիմադիրները հիշել Շանթին, փորձում են քաղաքական միավորներ շահել.- «Երբ Շանթի հետ կային խնդիրներ, այստեղ՝ Ազգային ժողովում որևէ մեկը ակտիվ չփորձեց հայտարարություն անել և այլն»։

Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահը պնդում է՝ երկրում քաղբանտարկյալներ չկան, այս հարցում էլ Հանրապետականը մրցակից չունի։

«Երբ Խորհրդային Միության ժամանակ պայքարում էին, օրինակ, մեր կուսակցության Ռազմիկ Զոհրաբյանը, Աշոտ Նավասարդյանը, իմ կարծիքով, քաղաքական բանտարկյալ պատկերացումը պետք է զետեղել հենց այդ կերպարի և գործունեության մեջ»,- ասաց Սահակյանը։