ԵՄ - Հայաստան բանակցություններում «կարտացոլվի նաև տնտեսական հատվածը»

Your browser doesn’t support HTML5

Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգի խոսքով՝ Եվրամիությունն ու Հայաստանը նպատակ ունեն երկկողմ հարաբերությունների առաջիկա համաձայնագրում, քաղաքական մասից բացի, ներառել նաև տնտեսական հատված:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել էր Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարությունների քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան էին ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու համար:

Մորթեն Էնբերգը մասնակցել է այդ քննարկումներին, և «Ազատության» հետ զրուցյում ասաց, որ դեռևս դժվար է մանրամասներ հաղորել սպասվող համաձայնագրից, քանի որ Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատ դեռ չի ստացել․ - «Մտքերի փոխանակման փուլում կողմերի նպատակն էր ուշադրություն դարձնել համաձայնագրի երկու մասերին էլ՝ քաղաքական ու տնտեսական: Ուստի կարող եմ ենթադրել, որ տնտեսական մասը նույնպես իր արտացոլումը կգտնի Հայաստանի հետ բանակցություններրի մանդատում»:

Էնբերգը հավելյալ ոչինչ չասաց:

2009 թվականից բանակցված, սակայն, այդպես էլ չստորագրված Եվրամիության ու Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը, կողմերի միջև քաղաքական նոր որակի հարաբերություններ հաստատելուց բացի, ենթադրում էր նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծում: 2013 թվականի սեպտեմբերին Մոսկվայում նախագահներ Պուտինի ու Սարգսյանի բանակցություններից հետո, Հայաստանը միացավ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը, ինչի հետևանքով բացառվեց Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը ու հետևաբար Ասոցացման համաձայնագրի ստգորագրումը:

Պաշտոնական Երևանը բազմիցս է պատրաստակամություն հայտնել խորացնել տարբեր ոլորտներում համագործակցությունը Եվրամիության հետ, սակայն՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները ԵՏՄ առջև:

Մորթեն Էնբերգը նշեց՝ երեկվա բանակցություններում հայկական կողմը հստակորեն ի ցույց է դրել իր շահագրգռվածությունը Եվրամիության հետ նոր համաձայնագիր կնքելու հարցում․ - «Մենք ավարտել ենք մտքերի փոխանակման փուլը և այժմ սպասում ենք, որ ԵՄ անդամ-երկրների կողմից Եվրահանձնաժողովին մանդատ կտրվի Հայաստանի հետ բանակացություններ սկսելու համար: Հույս ունենք, որ այդ մանդատը կտրվի Ռիգայի գագաթնաժողովից առաջ, սակայն ավելի հավանական է, որ անդամ-երկրները չեն հասցնի ավարտել քննարկումները ու չեն հասցնի մինչև Ռիգայի գագաթնաժողովը տալ այդ մանդատը: Ուստի Ռիգայում կա՛մ մենք կասենք, որ սկսում ենք բանակցությունները, կա՛մ կասենք, որ բանակացություններ սկսելու գործընթացի մեջ ենք»:

Հարցին, թե հնարավոր է, որ Երամիության ու Հայաստանի միջև նոր համաձայնագիրը այս տարի ստորագրվի, Էնբերգը արձագանքեց․ - «Դժվար է ասել, սակայն գիտեմ որ երկու կողմն էլ՝ Հայաստանն ու Եվրամիությունը շատ են ցանկանում ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը: Ու քանի որ մեկ անգամ ունեցել ենք բանակցություններ, հույս ունեմ այս անգամ երեքուկես տարի չեն տևի և շատ ավելի արագ կանցնեն: Բայց չեմ կարող կոնկրետ ժամկետ նշել»:

Ի դեպ, շվեդ դիվանագետը նաև տեղեկացրեց, որ երևանյան բանակցությունների ժամանակ քննարկվել է, թե միջնորդական ինչ դեր կարող է ստանձնել Հայաստանը Արևմուտք - Ռուսաստան հարաբերություններում․ - «Այժմ մենք բարդ իրավիճակի մեջ ենք հայտնվել Ուկրաինայում տեղի ունեցածի պատճառով: Քննարկել ենք, թե կառուցողական միջնորդի ինչպիսի դեր կարող է ստանձնել Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակում՝ միաժամանակ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ: Հույս ունենք՝ ԵՏՄ շրջանակում Հայաստանը կարող է կառուցողական դեր ստանձնել Արևելյան գործընկերությունը Ռուսաստանի հետ քննարկելու ժամանակ, որպեսզի փարատվեն այն մտահոգությունները, թե Արևելյան գործընկերությունն ուղղված է Ռուսաստանի դեմ, ինչը այդպես չէ»: