Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանի ներկա ներքաղաքական ճգնաժամը մարտահրավեր է և՛ իշխանության և՛ ընդդիմության համար, ուստի այս համատեքստում Եվրամիության ներգրավվածության է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն կա:
«Իրականացնել բարեփոխումներ մասնավորապես այն ոլորտներում, որտեղ Հայաստանը կաղում է: Դրանք են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ․․․ Եվ հենց այս ամենի պակասի պատճառով Հայաստանը պետք է բարելավի իր հարաբերությունները Եվրամիության հետ և հույս չդնի միայն մոսկովյան կողմնորոշման վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
«Հայաստանի իշխանությունների այլընտրանքն ավելի ծավալուն ու ավելի արագ բարեփոխումներն են, և այս առումով ԵՄ - Հայաստան հետագա հարաբերություններից մեծ ակնկալիքներ կան», - նշեց Կիրակոսյանը՝ հավելելով, թե Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն առավել կարևոր է դառնում հենց հիմա․ - «Ներքաղքական ճգնաժամի խորացումը կարող է հարկադրել Հայաստանի կառավարությանը հայացքն ուղղել դեպի ԵՄ»:
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հիշեցնում են՝ հեռու չէ Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը, որի ընթացքում թերևս կհստակեցվի Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության ձևաչափը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շեշտում է, թե որքան Եվրամիությունն է կարևոր Հայաստանի համար, նույնքան էլ Հայաստանը՝ ԵՄ-ի համար:
Աշոտյանը հույս ունի, որ հնարավոր կլինի Եվրասիական տարածքում եվրոպական երկիր կառուցել․ - «Բոլոր ուղղություններով՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական»:
«Այսօրվա Հայաստանի տնտեսական իրողությունը, քաղաքացիական իրավիճակը պարզապես մեզ պարտադրում է, որ քայլ առաջ արվի և օր առաջ մենք հրաժարվենք այդ Եվրասիական տնտեսական միությունից, որովհետև Հայաստանը հայտնվել է պատանդային վիճակում պուտինյան ռեժիմի ձեռքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Ներքաղաքական սրացումները կնպաստե՞ն, թե՞ կվնասեն ԵՄ - Հայաստան հետագա հարաբերություններին: Եթե Քոքոբելյանի կարծիքով, Հայաստանում պարզապես չկա ներքաղաքական կյանք, ապա Աշոտյանը հորդորում է քաղաքական լուծումներ չփնտրել այս հարաբերություններում․ - «Եթե մենք սպասում ենք Հայաստան - ԵՄ հարաբերություններից բացառապես քաղաքական որոշումներ, ապա այս պարագայում հիասթափություն ենք ապրելու: Մենք պետք է բանաձևենք իրական օրակարգ և քաղաքական փաթեթավորումը չգերադասենք, չարժեվորենք ի համեմատ իրական բովանդակությանը»:
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնայները շարունակում են պնդել, որ Եվրոպայի դռները բաց են մնում Հայաստանի առջև: Հարցին՝ կարողանո՞ւմ է արդյոք Հայաստանը հստակեցնել, թե ի՞նչ ձևաչափով է պատկերացնում հետագա հարաբերություները, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց․ - «Համենայն դեպս վերջին ամիսների բանակցություններից կարելի է ենթադրել, որ Հայաստանը համաձայն է ԵՄ-ի հետ համագործակցել ոչ միայն մարդու իրավունքների, այլև քաղաքական այլ ոլորտներում: Իրական պատկերն այն կլինի, թե ինչպես կիրականցվեն և ինչ արդյունք կտան այդ բարեփումները, այլ ոչ թե դրանց խոստումները»: