«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի համոզմամբ՝ քաղաքական շարժման կալանավորված հինգ անդամների ազատ արձակումը փոքր հաղթանակ էր, սակայն ցույց տվեց, որ «անգամ փոքրաթիվ ուժերը կարող են ստիպել հայաստանյան ռեժիմին նահանջել»:
«Սա ամենակարևոր արդյունքն է, որ ես ուզում եմ արձանագրել»,- ասաց Չուգասզյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» ծրագրի ժամանակ:
Չուգասզյանի խոսքով՝ և քննչական մարմինների, և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները իրենց լավ են վերաբերվել:
«Բոլոր մարդիկ, ում հետ շփվել ենք, 90 տոկոսը, բոլորը լինելով ՀՀ քաղաքացիներ, շատ համակրելի վերաբերմունք են ունեցել մեր շարժման և մեր նկատմամբ, ինչքան էլ հիմա պարադոքսալ հնչի դա: Սա ցույց է տալիս ռեժիմի նեխածության աստիճանը, որ անգամ ռեժիմի պատժիչ օղակներում մարդկանց մեծ մասը համակրանքով է լցված մեր շարժման և դիմադրության նկատմամբ»,- ասաց նա:
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով կալանավորված «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը և ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանը մայիսի 4-ին ազատ արձակվեցին: Դատախազությունը որոշեց փոխել նրանց նկատմամբ խափանման միջոցը՝ հիմնավորելով՝ արդեն անցել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակման օրը, և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:
Մեկնաբանելով դատախազության այս բացատրությունը՝ Գարեգին Չուգասզյանը ասաց․- «Թե ձերբակալությունը, և թե ազատ արձակումը ես բնութագրում եմ որպես ռեժիմի ջղաձգություն, որովհետև ռեժիմը անկայուն վիճակում է հայտնվել վերջին երկու տարվա ընթացքում՝ հատկապես սեպտեմբերի 3-ի՝ Սերժ Սարգսյանի ԵՏՄ-ին միանալու հայտնի որոշումից հետո: Ռեժիմի ապակայունացումը գնալով ուժեղանում է: Այդ համակարգի անկայունությունը այնքան շատ է, որ ստեղծված միջազգային ճնշումը իրենց ուղղակի ստիպեց, որ մեզ ազատեն: Դա մարդասիրության նշան չէր: Եթե իսկապես վտանգ չլիներ, չզգային այդ վտանգը, որ իսկապես կարող է քայլ առ քայլ մոբիլիզացիա սկսվել հասարակության մեջ, իրենք չէին անցնի այդպիսի բիրտ գործողությունների»: