Իրավապաշտպաններ․ Ոստիկանների բռնությունները մնում են չբացահայտված

Your browser doesn’t support HTML5

Իրավապաշտպաններ․ Ոստիկանների բռնությունները մնում են չբացահայտված

Իրավապաշտպանները պնդում են, թե Հատուկ քննչական ծառայությունը պարտակում է ոստիկանների կատարած հանցագործությունները՝ է՛լ ավելի խորացնելով անպատժելիությունը իրավապահ համակարգում։

Չնայած միջազգային կառույցների բազմաթիվ զեկույցներում տեղ գտած քննադատությանը ու տուժողների բողոքներին՝ ոստիկանների կողմից բռնությունները, ըստ իրավապաշտպանների, մնում են չբացահայտված։

Վերջին օրինակը վանաձորցի 24-ամյա Անի Բոշյանի գործն է, ով ավելի վաղ ինքնասպանության փորձ էր կատարել, ինչպես ինքն է ասում՝ ոստիկանական բաժանմունքում 10 ժամ անցկացնելուց հետո։ Նա պատմել էր, որ իրավապահներն իրեն նվաստացրել էին, մերկացրել՝ ցուցմունքներ կորզելու նպատակով։

Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, օրերս կարճել է ոստիկանության դեմ բողոքը՝ պնդելով, թե Բոշյանի հայտնած տեղեկությունները չեն հաստատվել, քանի որ ոստիկանները չեն ընդունել իրենց մեղքը։

Փաստաբան Տիգրան Սաֆարյանի խոսքով, սա այդօրինակ միակ դեպքը չէ․ - «Այնպիսի տպավորություն է, որ լուրջ հանցանքի կատարման մեջ մեղադրվող ոստիկանները դեպքից ամիսներ անց գալու են և խոստովանեն, որ վատ վերաբերմունքի են ենթարկել Անի Բոշյանին»:

Ամիսներ առաջ, իր պնդմամբ, ապօրինաբար բերման ենթարկված Անին այսօր էլ մանրամասնորեն նկարագրում է, թե ինչպես են իրեն սպառնացել՝ ստիպելով խոստովանել, որ համացանցում պոռնոգրաֆիկ նկարներ է տարածել։ Հիմա նա մեղադրյալի աթոռին է, իսկ ոստիկանները ոչ միայն ազատության մեջ են, այլև՝ լիովին անմեղ․ - «Սպառնալիքները եղել են այն ֆորմատի, որ եթե չգրես, կմնաս այստեղ 72 ժամ, այնուհետև կտեղափոխվես կանանց գաղութ, ներկայացնում են կանանց գաղութի դաժան պայմանների մասին: Իմ կարծիքով, դա բավականին խիստ սպառնալիք է կոնկրետ ինձ համար: Այդ 10 ժամվա ընթացքում նմանատիպ սպառնալիքներ էին հնչում: Մի խոսքով՝ դու ունես երկու ելք․ կամ պետք է գրես ու դուրս գաս այդտեղից, իսկ եթե չգրես, միանգամից կտեսափոխվես կանանց գաղութ»:

Փաստաբան Սաֆարյանը հավելեց, որ երիտասարդ կնոջը մերկացնող ոստիկանը իր արարքը արդարացնելու համար պնդել է, թե ընդամենը խուզարկություն է իրականացրել, որի ընթացքում Անին ինքնակամ մերկացել է:

«Իսկ թե ինչու են ոստիկանները որոշել խուզարկել համացանցում նկարներ տարածելու մեջ կասկածվողին, այդպես էլ մութ է մնում», - ասում է փաստաբան Սաֆարյանը։ - «Այստեղ ակնհայտ էր, որ այն հանցագործությունը, որի կատարման մեջ կասկածվում էր Անի Բոշյանը, հիմք չէր տալիս ընդհանրապես անձին մերկացնելու: Դա նույնիսկ չի էլ արձանագրվել, քրեական գործի նյութերում չկա: Իրականում մարմնի քննում կարելի է կատարել քննիչի որոշման հիման վրա, ընթերակաների մասնակցությամբ՝ եթե անհրաժեշտություն կա մարմնի վրա ինչ-որ առանձնահատուկ նշաններ կամ հետքեր հայտնաբերելու: Այս գործով նման անհրաժեշտություն չկար»:

Անի Բոշյանի օրինակը եզակի չէ։ Փաստաբանն ու իրավապաշտպանները այլ օրինակներ էլ ունեն, երբ, ասենք, դատարանով արդարացված քաղաքացին շարունակում է հայտարարել, որ ինքնախոստովանական ցուցմուքներ է տվել ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Ինքն արդարացվել է, բայց դրանից հետո անգամ իրենից ծեծի միջոցով ցուցմունքներ կորզող ոստիկանների դեմ բողոքը Հատուկ քննչական ծառայությունը կարճել է՝ համարելով, որ ոստիկանները անմեղ են։

Իրավապաշտան Արթուր Սաքունցը չի հիշում մի դեպք, երբ ոստիկանների դեմ դիմումները բավարարված լինեն․ - «Որովհետև ոստիկանությունը քաղաքական ղեկավարության կողմից օգտագործվում է որպես բռնության գործիք քաղաքացիների նկատմամբ՝ ճնշելու, նրանց ազատությունները սահմանափակելու: Ոստիկանությունը ոչ թե դիտարկվում է քաղաքական ղեկավարության կողմից որպես հասարակական կարգը, օրինականությունը պահպանելու միջոց, այլ զուտ իր քաղաքական իշխանությունը իրացնելու և պահպանելու համար: Եվ որպես միջոց քաղաքացուն հնազանդ պահելու»:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իր տարեկան զեկույցում ևս անդրադարձել էր իրավապաշտպանների ներկայացրած խնդրին, բայց՝ այլ տեսանկյունից։ Մտացածին որակելով նման բողոքները՝ Կոստանյանը Հատուկ քննչական ծառայությանն առաջարկել է բողոք բերող քաղաքացուն նախազգուշացնել, որ կարող են պատժվել սուտ մատնության համար։

Սաքունցն ասում է, թե իրենց վկայակոչած գործերից ոչ մեկի դեպքում սուտ մատնության համար քրեական գործ չի հարուցվել, ինչը ևս հաստատում է ոստիկանների կատարած ապօրինությունների վերաբերյալ իրենց պնդումները։

Հատուկ քննչական ծառայությունն ավելի ուշ կարձագանքի իրավապաշտպաններին։