Մատչելիության հղումներ

Դատախազության տարեկան զեկույցում Մարտի 1-ի գործերին անդրադարձ չկա


Դատախազության տարեկան զեկույցում Մարտի 1-ի գործերին անդրադարձ չկա
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարի կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ իրականում այս թեմայի վրա «տաբու է դրված»։

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի գործունեության մասին 2014 թվականի տարեկան զեկույցը, որտեղ արձանագրում է՝ իր ղեկավարած կառույցին լրացուցիչ լծակներ են պետք, քանի որ ներկայիս լիազորություններով դատախազությունը չի կարող անմիջական մասնակցություն ունենալ հանցավորության դեմ պայքարում։

Գևորգ Կոստանյանը լուծումը նույնպես գտել է. պատգամավորներին տեղեկացնում է, որ «Դատախազության մասին օրենքում լրացումներ կատարելու» նախագիծ է ներկայացվել, որով դատախազությանը հնարավորություն կտրվի իրավապահ մարմինների գործունեությունը համակարգել։ Ավելին, ըստ այդ օրինագծի, «իրավապահ մարմինների գործունեության համակարգման կազմակերպաիրավական ձևերը կսահմանվեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ սրանով Կոստանյանն ուզում է գլխավոր դատախազությունը վերածել գերկառույցի։

«Դա անընդունելի է, ավելին ասեմ, Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ տարբեր գերատեսչություններ ինքնուրույնության համապատասխան սահմաններ չունեն գործելու։ Ավելի ցանկալի կլիներ, որ իրական ինքնուրույնություն տային Հատուկ քննչական ծառայությանը, Քննչական կմիտեին, և կախված չլինեին նախագահից և կախված չլինեին գլխավոր դատախազությունից», - ասաց Իշխանյանը։

Շարունակելով զեկույցը՝ Գևորգ Կոստանյանը խոսում է նախաքննության և դատաքննության ձգձգման մասին՝ պնդելով, թե շատ դեպքերում դրա պատճառն այն է, որ բազմաթիվ մեղադրյալներ խոստովանական ցուցմունքներ են տալիս, իսկ հետո դատարանում հրաժարվում դրանցից՝ «ակնհայտ մտացածին պատճառաբանություններ ներկայացնելով այն մասին, որ դրանք տվել են իրենց նկատմամբ կիրառված բռնության արդյունքում»։

Գլխավոր դատախազի կարծիքով, մեղադրյալները այս կերպ փորձում են մեղմ պատիժ ստանալ կամ խուսափել քրեական պատասխանատվությունից։ Որպես լուծում, Կոստանյանը առաջարկում է քննիչների կողմից իր նկատմամբ բռնության մասին հայտարարողներին զգուշացնել, որ կարող են պատասխանատվության ենթրակվել սուտ մատնության համար։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով, դատախազությունը սա կարող է որպես մահակ օգտագործել և բռնություններով ստացված ցուցմունքները կոծկել։

«Դուք պատկերացրեք, թե սկզբից նրանց հնարավոր երկրորդ քրեական գործի հարուցման սպառնալիքի տակ, մարդիկ կարող են հրաժարվել գոնե այդ ձևով իրենց պաշտպանության հնարավարությունից։ Եվ այստեղ մեկ ուրիշ հարց կա՝ եթե նույնիսկ դատարանում այդ անձը հաղորդում է, որ իր նկատմամբ սպառնալիքներ, բռնություն է եղել, դրա համար է ինքնախոստովանական ցուցմունքեր տվել, փոխանակ պարոն գլխավոր դատախազն ասի, որ այդպիսի դեպքում պետք է պատշաճ քննություն կատարել՝ պարզելու իրականությունը, նա մտածնում է սուտ մատնության ձևով ահաբեկել առանց այդ էլ խոցելի վիճակում գտնվող մարդկանց», - ասաց իրավապաշտպանը։

Կոստանյանը իր ամփոփիչ զեկույցում որևէ բառ չի ասել Մարտի 1-ի գործի բացահայտման մասին, թեև նախորդ տարի այս հարցում առաջընթաց էր խոստացել. 2014 թվականի նոյեմբերին գլխավոր դատախազը զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ հստակ խոստումներ էր տվել։ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նույնպես ներկա է եղել հանդիպումներին, պատմում է, որ Կոստանյանը անգամ ժամկետ էր նշել, ինչը իրենց հուսադրել էր։

«Բառացիորեն երկու ամսվա ընթացքում ծնողները կզգան փոփոխություն, երկու ամսվա ընթացքում կտեսնեն, թե ինչպես է սայլը տեղից շարժվել։ Սա հուսադրող էր, ոգևորող էր, և նաև հուսադրող էր, որ շատ կոնկրետ ժամկետ էր առաջարկում՝ երկու, մի քանի ամսվա ընթացքում ժողովուրդը, ծնողները կտեսնեն, թե ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել։ Անցել է հինգ ամիս, գործում, սակայն ոչ մի փոփոխություն չկա», - ասաց Մանուկյանը։

Արամ Մանուկյանի կարծիքով, տարեկան զեկույցում Մարտի 1-ի հարցը անտեսելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները ձևացնում են, թե զբաղվելու են այս գործերով, իրականում այս թեմայի վրա «տաբու է դրված»։

«Եթե դատախազությունը չի անդրադառնում այդ հիմնական՝ թիվ 1 հարցին, բնականաբար հարց է առաջանում՝ ապա ո՞ր հարցերն են, որ իր համար դոմինանտ են, առաջնահերթ են, կարևոր են։ Հենց հարցը չընդգրկելն արդեն պատասխանն է ձեր հարցին՝ ինչո՞ւ չի ընդգրկել», - ասաց ՀԱԿ պատգամավորը։

ԱԺ առաջիկա նիստերից մեկում գլխավոր դատախազը պետք է զեկույցը ներկայացնի պատգամավորներին։ Արամ Մանուկյանը ասաց, որ այս հարցին իրենք հետամուտ են լինելու, թեև Գևորգ Կոստանյանի հետ արդեն հույսեր չեն կապում։

«Դատախազությունը չի կարող Հայաստանի իշխանություններից դուրս լինել, ինքը Մարսի վրա չի աշխատում, և մեր խնդիրն էլ ոչ միայն ֆիքսել փաստերն, այլ գնդակոծել, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ դուք չեք հետևում այդ լրջագույն, երկրի վարկը գցող հանցագործությունը բացահայտելուն, ի՞նչն է պատճառը», - ասաց Մանուկյանը։

Ի դեպ, Գևորգ Կոստանյանի նշանակման ժամանակ՝ երկու տարի առաջ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Կոստանյանին շանս կտան, այսօր նա «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործող դատախազը նախկինից չի տարբերվում, շարունակում է կոծկել Մարտի 1-ի գործը և չարդարացրեց իրենց տված շանսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG