Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե պատրաստ է ցուցմունք տալ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով նախաքննության շրջանակում:
Ռուսական «Գովորիտ Մոսկվա» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանին տված հարցազրույցում Կադիրովը ասել է․ - «Հաճույքով, պատրաստ եմ ցուցմունք տալ, ինչ խնդիր կա, հատկապես եթե նրա [Նեմցովի] զավակներն են պահանջում: Եթե ապացուցեն, որ Զաուր Դադաևն է սպանել, ուրեմն՝ նա պետք է բանտ նստի և կրի դատարանի կողմից նշանակված պատիժը: Եթե մարդը հանցագործություն է կատարում, ուրեմն՝ պետք է պատասխանատվություն կրի դրա համար»:
Միևնույն ժամանակ, Չեչնիայի նախագահը նշել է, թե իրեն հետաքրքիր է՝ ինչ հարցեր են ծագել Նեմցովի հարազատների փաստաբանների մոտ:
«Ինձ հետաքրքիր է, թե նրանք ինչ և ինչպես են խոսելու, ինչու են նրանց մոտ ինձ ուղղված հարցեր առաջացել: Նրանք ասում են, թե իբր Կադիրովը մի անգամ բան էր ասել Նեմցովին, ես չեմ հիշում նման բան: Պարզապես Նեմցովը, մյուսները՝ այն հինգերորդ շարասյունը, երբ նրանց սկսում են մոռանալ՝ միանգամից ինձ են հիշում, որպեսզի Ռուսաստանի բնակչության մի որոշ հատվածը սկսի Կադիրովի մասին խոսել», - եզրափակել է Չեչնիայի ղեկավարը:
Չեչնիայի մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների, այդ թվում և Ռամզան Կադիրովին և «Հյուսիս» ջոկատի հրամանատարի տեղակալ Ռուսլան Գերեմեևին հարցաքննելու պահանջով քննչական մարմնին դիմել են Բորիս Նեմցովի զավակներն ու նրանց փաստաբանները: Նեմցովի զավակները, ովքեր ընդդիմադիր գործչի սպանության գործով տուժողներ են ճանաչվել, իրենց ներկայացրած միջնորդության մեջ հիշատակելով Կադիրովի անունը՝ նշել էին, որ նա Բորիս Նեմցովի հետ հակամարտության մեջ էր և որ կարող է տիրապետել տեղեկատվության ոչ միայն այդ քաղաքական սպանության կազմակերպիչների, այլև պատվիրատուների մասին:
Հիշեցնենք՝ Նեմցովի սպանության գործով հիմնական մեղադրյալ Զաուր Դադաևը Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատից է: Դադաևը ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել՝ հաստատելով, որ ինքն է սպանել Նեմցովին, սակայն հետո հրաժարվեց իր խոսքերից՝ պնդելով, թե խոշտանգումների արդյունքում էր ցուցմունք տվել: