Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հաշտեցման ամենակարճ ճանապարհն է. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահը հարցազրույցներ է տվել մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների։

Թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչումը մեր ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է, Euronews-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես խորապես համոզված եմ, եթե դա արվի և արվի անկեղծ, կարճ ժամանակում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կբարձրանան մեկ այլ՝ շատ բարձր աստիճանի»,- ասել է նա՝ կրկին ընդգծելով, որ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը վիրավորական է, որովհետև կասկածի տակ է առնում ցեղասպանության իրողությունն ու արժանահավատությունը։

Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին։ Սղագրությունը ներկայացրել է Panorama.am կայքը։

Արձագանքելով Al Jazeera-ի հարցին՝ Սարգսյանն ասել է, որ 100-ամյա տարելիցը որևէ կերպ չի նշանակում ճանապարհի ավարտ՝ անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պարագայում։

«Իսկ ո՞վ է ասել, որ երբ սահմանները բացվեն Ցեղասպանության ճանաչման արշավը դադարելու է, իսկ ո՞վ է ասել, որ եթե սահմանները բացվեն, մենք հրաժարվելու ենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց, իսկ ո՞վ է ասել, որ եթե սահմանները բացվեն, դադարելու ենք մեր իրավունքների համար պայքարելուց։ Ո՛չ»,- հայտարարել է Հայաստանի նախագահը՝ շեշտելով, որ Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը Հայաստանի համար կենսական խնդիր չէ, և Երևանը պատրաստ չէ հարաբերություններ հաստատել նախապայմաններով։

«Մենք, իհարկե, ուզում ենք, որ մեր սահմանները բաց լինեն, ուզում ենք Թուրքիայի հետ առևտուր անել, ուզում ենք, որ մեր քաղաքացիները շփվեն, բայց և ուզում ենք, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները չկիսեն պատասխանատվությունը Օսմանյան կայսրության իշախանավորների հետ, որովհետև եթե ժխտում ես, եթե արդարացնում ես, նշանակում է՝ կիսում ես պատասխանատվությունը»,- նկատել է նա։

Սարգսյանն ասել է՝ ակնկալում է Թուրքիայի իշխանություններից հայտարարություն, որը երկար և հարթ ճանապարհի սկիզբ կարող է լինել։

Սերժ Սարգսյանը հաստատել է՝ 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի խորհրդարանից հետ կանչելով՝ քաղաքական ուղերձ է հղել.- «Թուրքիայի իշխանությունները դեռևս ժամանակ ունեն վավերացնելու դրանք։ Երբ դրանք վավերացնեն, մեր ազգային օրենսդրությամբ ժամանակատար չէ այդ արձանագրություններն Ազգային ժողով ուղարկելը, բայց եթե շատ երկար մտածեն, մի օր այդ արձանագրությունները չեղյալ կհայտարարվեն, որովհետև իմաստ չունի տասնամյակներով պահել մի փաստաթուղթ, որն ապացույցն է այն բանի, թե պետություններից մեկը հրաժարվում է իր իսկ բանակցած փաստաթղթի դրույթներն իրականացնելուց»։

Հայաստանի նախագահը չի թաքցրել՝ կցանկանար, որ իր ուղերձում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ասեր «ցեղասպանություն» բառը։

«Եթե չի ասել, կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե Միացյալ Նահանգները չեն ճանաչում Ցեղասպանությունը, այլ չեն ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբրև թե, չվիրավորվի»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։

Ռուսական Russia Today-ին հետաքրքրել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը։ «Տարածված է կարծիք, որ բռնությունը Արևելյան Ուկրաինայում ազդեցություն է ունենում ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցող հակամարտությունների վրա, ինչպիսի՞ն է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ինչպիսի՞ հույսեր կան հակամարտություն կարգավորելու ուղղությամբ»,- հարցրել է լրագրողը։

Սարգսյանը չի կիսել ռուս լրագրողի հնչեցրած կարծիքը.- «Իրավիճակը շփման գծում բավականաչափ լարված է, և այդ լարվածությունը սկսվել է անցյալ տարվա ամռանը: Մեզ համար պատճառները հայտնի են, բայց այդ պատճառների մեջ ես չեմ կարող նշել Ուկրաինայի ազդեցությունը: Լարվածության պատճառը շատ պարզ է. ադրբեջանական իշխանությունները սպառել են բանակցությունները ձգձգելու իրեն բոլոր հնարքները, իսկ ուկրաինական ճգնաժամը մեզ վրա ազդում է տնտեսապետ»։

Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որը կոչվում է «Սուսերի միակցում» (Saber Junction), արդյոք այդ համագործակցությունը կարո՞ղ է բացասական ազդեցություն ունենալ այլ գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունների վրա:

«Ոչ, բացարձակապես որևէ խնդիրներ չի ստեղծում, և մենք մեր մասնակցությունն ենք բերում աշխարհում կայունության և խաղաղության հաստատմանը: Մենք համարում ենք, որ լինել միայն անվտանգության սպառող, բավարար չէ։ Միգուցե մեր մասնակցությունը էական չէ այդ միջոցառումներին, բայց մենք անում ենք այն, ինչի ի վիճակի ենք: Այո՛, փոքր կազմով, բայց մենք դա անում ենք անկեղծորեն և համոզմունքով: Եվ ՆԱՏՕ-ի հետ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, և մեզ համար դա օգտակար համագործակցություն է: Բնավ, չի խանգարում մեր` ՀԱՊԿ անդամ լինելը»,- ասել է Սերժ Սարգսյանը։