Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան․ Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում


Էդվարդ Նալբանդյան․ Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Համաժողովի փակմանը ելույթ ունեցավ Էդվարդ Նալբանդյանը: Հինգ տասնյակ երկներից ժամանած շուրջ վեց հարյուր պատվիրակներին Հայաստանի արտգործնախարարն ասաց, թե տարիների ընթացքում նույնն են մնացել ժխտողականության փաստարկները, միայն հղկվել է մարտավարությունը․ - «Դատապարտելի են նաև խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների ժխտման կամ քողարկման փորձերը: Այսօր ժխտողականության գործիքներից են զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման և զոհերի ու հանցագործների տառապանքների հավասարեցման փորձերը: Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում ժխտման այս նոր մարտավարությանը»:

Ինչպես իր երեկվա ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ այսօր արտգործնախարարը շեշտում էր, որ հաշտեցումն անհնար է՝ առանց անցյալին գնահատական տալու․ - «ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանությունների կանխարգելման բանաձևի հիմնական դրույթներից մեկը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դատապարտումն է: Ժպտողականությունն է, որ գործող իշխանություններին դարձնում է անցյալում տեղի ունեցած ոճիրների հանցակիցը: Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում: Այն մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռ է բացում»:

Ֆորումն այսօր խորհրդարանական ձևաչափով էր․ տասնյակ երկրների օրենսդիրներ ելույթ ունեցան՝ դատապարտելով Թուրքիայի իշխանությունների կեցվածքը, հնչեցնելով Ցեղասպանության ճանաչման կոչեր:

Հավաքի ավարտին ընդունվեց միասնական հռչակագիր: Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը նույնպես ակտիվ մասնակցում էր նիստին, բացառությամբ «Հայ ազգային կոնգրես»-ի:

«Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանն ասաց՝ արդյունքը սպասվածից ավելի մեծ էր․ - «Նայած թե ով ինչ ակնկալիք ունի: Իմ ակնկալիքը հետևյալն է․ որ իսկապես դա միջազգայնացված է այն աստիճան, որ Թուրքիան այլևս պատճառաբանելու որևէ փաստ չունենա: Հիմա այդ պատճառաբանությունները որ կան, ավելի շատ ծիծաղելի են արդեն այս ֆոնի վրա, այս ելույթների ֆոնի վրա: Եվ կարծում եմ, դա կնպաստի, որ առաջիկայում մենք ունենանք արդեն հստակ միջազգային հասարակական կարծիք Հայոց ցեղասպանության մասին: Այսինքն՝ ընդունել և դատապարտել»:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորում այսօր ավարտեց իր աշխատանքը: Ներկայացուցչական այս համաժողովին, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջացառումներից մեկն է, որը մասնակցեցին ավելի քան 600 մարդ շուրջ հինգ տասնյակ երկրներից:

XS
SM
MD
LG