Ապրիլի 24-ի հետ կապված` Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանին․ ՊՆ

Հայ դիրքապահը պահակակետում, արխիվ

ՊՆ խոսնակի պնդմամբ, փորձ ունեն․ Հայաստանի համար կարևոր օրերին հակառակորդն ավելի լարված է պահում սահմանը:

Հայաստանում համոզված են, որ ապրիլի 24-ի հետ կապված՝ Ադրբեջանը այս օրերին լարված կպահի սահմանը։

«Բայց, որ Ադրբեջանը արդեն որոշակի բան ցույց ա տալիս էս պահին և ունի նաև «ավանդույթներ» այդ ոլորտում․․․», - ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջին օրերին իրավիճակն արդեն սրվել է, դիվերսիոն երկու փորձ, շփման գծում էլ՝ զինվորական ավտոմեքենայի պայթեցում։ Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Երեկ հայկական կողմը հաստատեց՝ հակառակորդի կողմից մեքենա է պայթեցվել հեռակառավարման եղանակով։ Բարեբախտաբար, զոհեր չկան, մինչդեռ Ադրբեջանը հաղորդել էր, որ պայթյունից հայկական կողմը տասը զոհ ունի։

Հենց երեկ, երբ Ադրբեջանը պայթեցրել է հայկական զինվորական ավտոմեքենան, այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ առաքելության գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ ու ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարել, թե ադրբեջանական զինուժը հրաման ունի շփման գծում ոչնչացնել ցանկացած շարժվող ռազմական օբյեկտ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունում սպասում են ԵԱՀԿ-ի արձագանքին՝ տարակուսելով, թե ինչպես կարող էր Ադրբեջանը բացահայտ ռազմական գործողություններ նախաձեռնելու խոստովանություն անել։

«Անկեղծ ասած, մենք դեռ որևէ արձագանք չենք տեսել ԵԱՀԿ և համապատասխան կառույցների Ադրբեջանի փաստացի խոստովանությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը զարմացած չէ պայթեցումը նկարահանելու ու միջազգային կառույցի ներկայացուցչին բաց տեքստովներկայացնելու՝ Ադրբեջանի վարքագծից։

«Սա ահաբեկչական քաղաքականություն է», - հայտարարում էԲաբայանը՝ ընդգծելով, որ պաշտոնական Ստեփանակերտը դեռ տարիներ առաջ է կանխատեսել, որ Ադրբեջանի հարձակողական գործողությունները մի օր հանգեցնելու են ահաբեկչության։

«Այսինքն, եթե նրանք մինչև այդ հիմնականում խախտում էին զինադադարի ռեժիմը, հիմա այդ դիպուկահարների միջոցով զինադադարի ռեժիմը խախտումները կազմում են ավելի փոքր թվաքանակ, քան ահաբեկչական գործողությունները: Իսկ այն, որ նրանք դիմում են ահաբեկչական գործողությունների, սա ցույց է տալիս, որ որակ է փոխվել: Այսինքն, մենք նոր դիվերսիոն քաղաքականության հետ գործ ունենք», - ասաց Դավիթ Բաբայանը:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը «Ազատության հետ զրույցում այսօր հույս հայտնեց, որ Ռուսաստանը մի օր կդադարի զենք վաճառել Ադրբեջանին։ Նրա պնդմամբ, դա վնասում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլ նաև Ռուսաստանի վարկի վրա է ազդում:

Ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանն, իր հերթին, ավոմեքենայի պայթեցման տեսագրությունը դիտելուց հետո ավելի է համոզվել՝ առնվազն վերջին կես տարվա ընթացքում այսպես կոչված դիպուկահարների և հատուկ նշանակության զորքերի գործողություններով շփման գծում նոր փուլ է սկսվել՝ ականային պատերազմ։ Մինասյանը թեև լայնածավալ ռազմական գործողություններ չի կանխատեսում, բայց և համոզված է՝ հակառակորդի ակտիվությունն առաջիկա օրերին ավելի կընդգծվի։

«Այն, որ ադրբեջանական կողմը պիտի փորձի լարվածությունը մշտական պահել՝ ելնելով իր սեփական քաղաքական նպատակներից, մյուս կողմից նաև ինչ-որ մի ձևով փորձել կապել դա ապրիլին 24-ի իրադարձության հետ, դա նույնպես ակնհայտ է», - ասաց փորձագետը: