Դավութօղլու․ Տեղահանումը մարդկության դեմ հանցագործություն է

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը, որ տեղահանումը մարդկության դեմ հանցագործություն է, մեկ օր էլ չանցած հաջորդել է երկրի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հայտարարությունը, ըստ որի՝ Օսմանյան կայսրությունը մեկ դար առաջ հայերին ոչ թե ցեղասպանության է ենթարկել, այլ տեղահանել է:

«Ես անկեղծ դատողություններ եմ արել այդ թեմայով: Ես ասել եմ՝ տեղահանումը մարդկության դեմ հանցագործություն է, որտեղ էլ որ լինի», - Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի երեկոյան ասել էր Դավութօղլուն TV 24 հեռուստատեսության հարցազրույցում, հավելելով, թե իր տեսակետները ներկայացրել էր Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի՝ եվրոպացի խորհրդարանականների կողմից ընդունումից առաջ:

Թուրքիայի վարչապետը ասել է, թե երբեք չի տատանվել տվյալ թեմայով բացահայտորեն նման տեսակետներ արտահայտել: «Բայց եթե խոսելու ենք պատմությունից՝ խոսենք այն մասին, թե որ ցեղախմբերն են ոչնչացվել [եվրոպական կամ ամերիկյան] գաղութատիրական վարչակազմերի կողմից: Եթե այդ հարցերը քննարկվեն, այդժամ աշխարհում որևէ մեկը չի կարող նայել մյուսի երեսին», - հավելել է Դավութօղլուն:

Էֆքան Ալան, մինչդեռ, ով տեխնիկապես հրաժարական է տվել պաշտոնից՝ հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու համար, Կարսի նահանգում երեկ հայտարարել է, թե Օսմանյան կայսրությունը ոչ թե ցեղասպանություն է գործադրել հայերի դեմ, այլ ընդամենը տեղահանել է նրանց:

«Մեզ մեղադրում են ցեղասպանության մեջ […] Մենք տեղահանել ենք նրանց, տեղահանել», - Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ հայտարարել է թուրք նախարարը: