Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքում է, թե այսօր հայկական ուժերը հակամարտ զորքերի շփման գծում հետախուզադիվերսիոն գործողություններ են ձեռնարկել, ինչի արդյունքում ունեն զոհեր:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն»,- մասնավորապես ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ հայկական և ադրբեջանական զինված խմբերի բախման հետևանքով հայկական կողմից 5 զինծառայող զոհվել է, 10-ը՝ վիրավորվել: APA-ի հաղորդմամբ, ադրբեջանական կողմը զոհեր չի կրել:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԼՂ ՊՆ-ն հաղորդել էր ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձի մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը առնվազն 1 զոհ և վիրավորներ է ունեցել։ Ըստ հաղորդագրության, հայկական կողմը զոհեր չի կրել: