Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ ուղերձով է հանդես եկել՝ Հայոց ցեղասպանության զոհերին անվանելով «1915 թվականին տեղահանության ժամանակ մահացած օսմանյան հայեր» և իր ցավակցությունը հայտնելով նրանց ժառանգներին:
Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում, մասնավորապես, նշված է․ - «Որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այս ցավերը տեսած տարբեր էթնիկ և կրոնական ծագում ունեցող ազգերի թոռներ` այսօր հասկանում ենք տեղի ունեցածը, հարգանքով հիշատակում զոհված անմեղ օսմանյան հայերին և մեր ցավակցությունը հայտնում նրանց թոռներին»:
Դավութօղլուն շարունակում է․ - «Այս տարի ապրիլի 24-ին Հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք կրոնական արարողությամբ Օսմանյան կայսրության հայերը կհիշատակվեն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում»:
Հավատ հայտնելով, որ «պատմությունը քաղաքականության գործիքի չի վերածվելու»՝ Թուրքիայի վարչապետը նշում է․ - «Հնարավոր է պարզել Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների պատճառները և պատասխանատուներին: Ամեն ինչ մեկ բառի հավասարացնելով` պատասխանատվությունը ընդհանրացման ճանապարհով միայն թուրք ազգի վրա բարդելը, նույնիսկ դրանք ատելության խոսքի հետ կապելը, բարոյական և իրավական առումով խնդրահարույց է»:
Ուղերձի եզրափակիչ մասում Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է․ - «Բոլոր երրորդ կողմերին կոչ ենք անում այս պատմական ցավերը փորփրելու փոխարեն արդար հիշողություն և համատեղ խաղաղ ապագայի վրա հիմնված մոտեցում որդեգրել»:
Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատությանը» ասաց, որ հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը՝ Թուրքիայի իշխանությունները հեղինակազրկում են իրենց․ - «Օսմանյան կայսրությունը իր ոճրագործությունը կատարելուց հետո, ինձ թվում է, որ նրա հետնորդները, իշխանությունը պետք է դատապարտի և ճանաչի այդ ցեղասպանությունը: Դա եղել է ցեղասպանություն, և եթե իրենք կարիք ունեն պատմության ճշմարտությունները պարզաբանելու, մենք դրա կարիքը չունենք»:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Թուրքիայի վարչապետի հայտարարությունը Հայոց ցեղսպանության փաստի ժխտման քաղականության շարունակությունն է․ - «Ներթուրքական հարթության վրա քայլ առաջ է, իսկ հայկական հարցում և համաշխարհային մասշտաբով դա ժխտման քաղաքականության շարունակությունն է: Այնպես որ, պայքարը շարունակվում է, և հույս ենք տածում, որ մի օր թուրք պետության պաշտոնյան ուղիղ ձևով կհայտարարի ոչ միայն այդ եզրը, այլ դրանից բխող քայլեր կկատարի՝ հայ ժողովրդի իրավունքները վերականգնելու համար»:
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի խոսքով, Դավութօղլուի հայտարարությունը միջազգային այն ճնշման արդյունքն է, որ վերջին օրերին Թուրքիան զգում է:
Դավութօղլուի հայտարարությունը, Մանոյանի կարծիքով, պետք է լիներ ապրիլի 23-ին, ինչպես անցած տարի, սակայն երեկ Թուրքիայի կառավարության նիստում, որը վարել է նախագահ Էրդողանը, որոշվել է ավելի վաղ հրապարակել այն․ - «Իրենք այդ ճնշումների տակ փորձել են ինչ-որ ձևով արձագանքել, հակազդել՝ ցույց տալու համար, որ իբր ինչ-որ չափով տեղի են տալիս այդ ճնշումներին՝ առաջն առնելու համար առաջիկա զարգացումների: Որ կարող է մի քանի պետություն ևս ճանաչի: Հատկապես խոսքը վերաբերում է Գերմանիային, որտեղ ամեն ինչ պատրաստ է, բայց պետք է որ դա արդեն արձանագրվի»:
«Իրականում գործ ունենք երկու ուղերձի հետ: Առաջիննը այն է, որ օրեր առաջ պաշտոնից ազատվեց Դավութօղլուի խորհրդականը, ով ճանաչել էր Հայոց ցեղասպանության փաստը»,- ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը՝ շարունակելով․ - «Այս մի հայտարարությունը ես չեմ կարող կտրել այդ կոնտեքստից, որ ինքը պաշտոնից ազատում է իր խորհրդականին: Եվ կարող եմ ասել, որ որևէ նորություն իր մեջ չի պարունակում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տասը տարիներին ապրիլի 24-ից առաջ մենք բազմիցս ականատեսն ենք լինում նման մոտեցումների թուրքական իշխանության ներկայացուցիչների կողմից»:
Թուրքիայի վարչապետի հայտարարությանը թվիթերյան իր էջում անդրադարձել է արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ գրելով․ - «Ռեջեփ Թայիփ Էրդողանի անցած տարվա ժխտողական հայտարարության հեղինակը այս տարի այն հրապարակել է իր անունից»: