Վաշինգտոն այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան կիսում է հայերի ցավը, սակայն հրաժարվել է հետևել Եվրախորհրդարանի կոչին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիան կիսում է հայերի ցավը, թուրքական կողմը հավատում է հայ ժողովրդի հետ երկխոսության միջոցով հարաբերությունների կարգավորման հնարավորությանը, ասաց Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Քարնեգի հաստատությունում:
«Մենք կշարունակենք աշխատել խնդրի պատմական կողմի կարգավորման և միաժամանակ ղարաբաղյան հարցի լուծման ուղղությամբ», - նշեց Թուրքիայի արտգործնախարարը:
Պատասխանելով վերլուծաբան Թոմ դը Վաալի հարցին, որը, բարձրացնելով Հայոց ցեղասպանության խնդիրը, հետաքրքրվեց, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունը նախատեսում հայ ժողովրդի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլեր անել, Չավուշօղլուն վստահեցրեց, որ Թուրքիայի իշխանությունները սերտորեն զբաղվում են այդ հարցով դեռ 2009 թվականից, սակայն այս տարի որևէ առաջընթաց չեն կանխատեսում: «Այս տարի Հայաստանի և հայ սփյուռքի ուշադրությունը կենտրոնացած է լինելու աշխարհի հասարակական կարծիքի վրա՝ 1915 թվականի դեպքերի կապակցությամբ», - ասաց Թուրքիայի արտգործնախարարը:
Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ իր երկրի իշխանության կողմից 2014-ի ապրիլի և այս տարվա հայտարարությունները շրջադարձային են նաև Թուրքիայի համար: «Մենք խիզախ քայլեր ենք կատարել հաշտեցման ուղղությամբ, և հույս ունեմ, որ մեր հայ բարեկամները դա նույնպես հասկանում են», - հայտարարեց նա:
Միջոցառմանը ներկա՝ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Կարեն Իսրայելյանը հարցրեց Թուրքիայի արտգործնախարարին, թե արդյոք Անկարան չի պատրաստվում հետևել Եվրոպական խորհրդարանի ընդունած հռչակագրի կոչին և ի վերջո ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով իրական հաշտեցման համար: Չավուշօղլուն, սակայն, պատասխանեց, որ իր համոզմամբ՝ քաղաքական գործիչների և արտերկրյա խորհրդարանների կողմից ցեղասպանության ճանաչումը հայ - թուրքական հարաբերությունների բարելավմանը որևէ կերպ չի նպաստում: «Ո՞վ է որոշում, թե դա ցեղասպանությո՞ւն էր, թե՞՝ ոչ», - հայտարարեց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Չավուշօղլուն վերահաստատեց Անկարայի մոտեցումը պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ՝ ասելով․ - «Մենք մեր կողմից պարտավորվում ենք ընդունել այդ հանձնաժողովի եզրակացությունը: Թուրքիայից էլ ի՞նչ եք սպասում»:
Բազմաթիվ վերլուծաբանների, այդ թվում Թոմ դը Վաալի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության հարցը լինելու է ԱՄՆ-ի պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարարի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը: Ըստ էության՝ Չավուշօղլուն փորձելու է հասկանալ, թե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս անգամ ինչպես է բնորոշելու Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ի իր այս տարվա հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների նախագահի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձներում Բարաք Օբաման 1915-ի իրադարձությունները որակում է հայերեն Մեծ եղեռն բառերով՝ խուսափելով ցեղասպանություն եզրից: