ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը չի կարծում, որ Անկարան կխզի հարաբերությունները Վատիկանի հետ։
«Ինչ-որ բաներ կփորձեն առաջիկա օրերին՝ սաստելու համար հավանական այլ` ըստ իրենց, մեղավորներին։ Բայց սա իսկապես մեծ արձագանքի է արժանացել Թուրքիայում: Արտգործնախարարից ու վարչապետից բացի հարցին անդրադարձել է նաև խորհրդարանի նախագահը, իրենց կրոնական հարցերի նախարարի պատասխանատուն, կրոնական հարցերի այդ կառույցի, ինչպես նաև Եվրոպայի հարցերով նախարարը։ Չգիտեմ այդպիսի մարդիկ իրենց ասելուց հետո կարդո՞ւմ են արդյոք՝ ինչ ասացին, այսինքն՝ կարծեք, երբ որ Հայոց ցեղասպանության մասին խոսվի, պետք է անընդհատ ասվի, որ աշխարհում այսքան միլիոն զոհեր խլեց Առաջին աշխարհամարտը, որի մաս կազմեց նաև Օսմանյան կայսրության թուրք կամ, իրենց ասելով, մահմեդական ժողովուրդը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանոյանը։
Հիշեցնենք, կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոսի ուղերձը ծայրաստիճան նյարդային արձագանք ստացավ Անկարայում։ Հռոմի պապը պատարագի ժամանակ հնչեցրած իր ուղերձում ասաց. - «Անցած դարում մեր մարդկային ընտանիքը երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն է ապրել։ Առաջինը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հարվածել է հայ ժողովրդին»։
Պատարագի ավարտից անմիջապես հետո, Անկարայում արտաքին գործերի նախարարություն են կանչել Վատիկանի դեսպան Անտոնիո Լյուցիբելոյին և բողոք հայտնել։ Վատիկանի դեսպանին նախատելուց հետո Անկարան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վատիկանում հավատարմագրված դեսպան Մեհմեթ Փաչաջիին։ Դիվանագիտության աշխարհում դա համարվում է շատ լուրջ նախազգուշացում, որին կարող է հաջորդել կապերի սառեցումը կամ խզումը։
Ըստ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենի, Անկարայի նման մոտեցումները հակառակ հակազդեցությունը կստեղծեն հատկապես Արևմուտքում, որի հետ Անկարան բազմաթիվ խնդիրներ ունի։
«Թուրքիայի ղեկավարները հիմա այսպես են վերաբերվում, որովհետև այն, ինչ ստացվեց այս վերջին օրորին, դա այն ցունամին էր, որի մասին իրենք մի քանի տարի առաջ ակնարկեցին և մտահոգված էին, և, կարծում եմ, սա գնալով ավելի մեծանալու է՝ ապրիլի 22-24-ը Հայաստանում տեղի ունենալիք այդ միջոցառումներով, ինչպես նաև աշխարհով մեկ արդեն տեղի ունեցող միջոցառումների որպես արդյունք», - ասաց Մանոյանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման։
Ենթադրվում է, որ Օբամայի` Հայաստան գալու մասին այլևս խոսք չի կարող լինել։ Հարցին, թե սա տեղավորվո՞ւմ է ակնկալիքների շրջանակում, Մանոյանը պատասխանեց. - «Այո՛, հատկապես հաշվի առնելով, որ Վաշինգտոնում լինելու է մեծ միջոցառում՝ մայիսի 7-9-ը, որին կմասնակցեն դարձյալ երկու Վեհափառները։ Վստահ չեմ, որ մեր նախագահը կմասնակցի, բայց Օբաման այդտեղ ևս մասնակցելու կարելիություն ունի։ Պարզ էր, որ Միացյալ Նահանգները բարձրաստիճան պատվիրակությամբ պիտի մասնակցեր, ի տարբերություն` Գալիպոլի չուղարկելու բարձրաստիճան պատվիրակություն, բայց այլ երկրներ էլ կան, որ հակառակն են անում, օրինակ, Մեծ Բրիտանիան բարձրաստիճան պատվիրակություն ուղարկում է այնտեղ, ոչ այնքան բարձր պատվիրակություն այստեղ։ Սա իրականում այն իրավիճակն է, որ քանի կմոտենա ապրիլի 24-ը, արդեն պետությունները կհաշվարկեն, որ սա վերջին առիթն է, այսպես ասած, որ այսպես խորհրդանշական մեկ տարվա կամ տարելիցի առիթով իրենք հստակ խոսք կա՛մ ունեն ասելու, կա՛մ արդեն առիթը կփախցնեն», - ասաց Մանոյանը։