Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Քիմին ուղեկցում էր քույրը՝ Քլոե Քարդաշյանը և ամուսինը՝ հայտնի ռեփեր, «Գրեմի» մրցանակի բազմակի դափնեկիր Քանյե Վեսթը:
Քարդաշյանները երեկոյան շքեղ զգեստներով էին, կարմիր կակաչներ դրեցին անմար կրակի մոտ, շրջեցին Ծիծեռնակաբերդում, այցը նկարահանվեց Keeping Up with the Kardashians ամերիկյան հանրահայտ հեռուստաշոուի շրջանակում:
Լրագրողների հարցերին չպատասխանեցին:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը անգլերենով ներկայացնում էր հուշահամալիրը, բացատրում խորհրդանիշները․ - «Հուշահամալիրի խորհուրդը, որը առաջին հերթին հիշողություն է, բայց դրա հետ մեկտեղ վերապրում է և վերածննդի սիմվոլ է՝ ինձ թվում է դա հետաքրքրեց, ինչպես նաև հետաքրքրեց, իհարկե, ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուին նվիրված անկյունը, որը կա մեր հուշապատի հակառակ կողմում, որտեղ նրա գերեզմանից բերված հողն է ամփոփված: Կարծում եմ, որ դա իրոք պատմություն է, որը կապում էր երկու ժողովուրդներին՝ հայերին և ամերիկացիներին, և իրենք դրանով հետաքրքրվեցին»:
Your browser doesn’t support HTML5
Ինչպես «Ազատության» հետ զրույցում պատմեց Մանուկյանը, Քարդաշյանները բավական լավատեղյակ էին ցեղասպանության մանրամասներից: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենի փոխանցմամբ, Քլոե Քարդաշյանն է աչքի ընկել ակտիվ մեկնաբանություններով, ասել է, որ տպավորված է հուշարձանի՝ վերածննդի խորհրդով: Քույրերը թանգարանից գրքեր նվեր ստացան, Սուրեն Մուրադյանը առանձնացրեց հատկապես մեկը․ - «Ավրորա Մարդիգանյանի պատմությունը՝ մի աղջիկ, որը վերապրեց Հայոց ցեղասպանությունը, հետո Միացյալ Նահանգներում նկարվեց մի ֆիլմում, որը հսկայական ճանաչում բերեց և՛ դեպքերին, և՛ նաև օգնեց հայ որբերին, որովհետև ֆիլմից եկած հասույթը տրամադրվում էր հենց որբանոցներին: Դա էր, և նաև՝ Հենրի Մորգենթաուն հետաքրքիր էր նրանով, որ իր ջանքերով նաև ստեղծվեց Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կազմակերպությունը, որի հավաքած գումարներով նաև Գյումրիում ստեղծվեցին որբանոցներ, իսկ մենք գիտենք, որ իրենց արմատները նաև Գյումրիից, հենց այդ որբանոցներից են, և դրա համար ինձ թվում է, որ իրենց դա հետաքրքիր էր»:
Your browser doesn’t support HTML5
Երևանյան այցի երրորդ օրը Քարդաշյան քույրերը միայն երեկոյան՝ Ծիծեռնակաբերդում հայտնվեցին հանրության առջև, թեև լրագրողների և երկրպագուների մեծ բանակը վառ առավոտից, նույնիսկ հորդ անձրևի ժամանակ չէր հեռանում հյուրանոցի շքամուտքից:
Քանյե Վեսթն այսօր այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ Քարդաշյան քույրերը, հյուրանոցից դուրս չգալով անգամ, Հայաստանում սեփականություն ձեռք բերեցին․ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը Քարդաշյանների ընտանիքին հողատարածք է նվիրել իր հիմնած «Վահագնի» թաղամասում:
Հայաստանյան այցի տպավորությունների մասին քույրերը պատմում են սոցիալական ցանցերի իրենց էջերում: Մեկնաբանելով Հաղթանակ զբոսայգի կատարած իրենց այցը՝ Քիմը գրել է «Մայր Հայաստան» հուշարձանի մասին․ - «Այս հուշարձանը այցելուներին հիշեցնում է Հայոց պատմության մեջ հայտնի ուժեղ կին գործիչներին: Ինձ անչափ դուր է գալիս այն, թե մեր մշակույթում ինչքան ազդեցիկ և հարգված են կանայք»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման մասին էլ ամերիկյան հեռուստաաստղը գրել էր․ - «Պատիվ ունեցանք հանդիպելու Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նա ասաց, որ [Հայաստանի իշխանությունները] հպարտ են, որ մենք հայ ենք և չենք մոռացել մեր արմատները», ապա պիտակավորել՝ #NeverForget (#Երբեք մի մոռացիր):
Քլոե Քարդաշյանն էլ գրել էր․ - «Քնելն ո՞ւմ է պետք, եթե դու Հայաստանում ես»: