«Որևէ քաղաքական բանտարկյալ մեր երկրում չկա և չի էլ լինելու», - խորհրդարանում հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
Իշխող Հանրապետականի համար երեկվա ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ չունեն։ Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը շարունակում է պնդել՝ Ժիրայր Սեֆիլյանի ու ընդդիմադիր շարժման մյուս առաջնորդների ազատազրկումը հակաօրինական չէ:
Մելիքյանը վստահ է, որ շարժումը ապրիլի 24-ին մեծ սադրանք ու անկարգություններ էր ծրագրել․ - «Եթե Քննչական կոմիտեն այդպիսի հայտարարություն է տարածում, ուրեմն ինքը դրա համար բոլոր հիմքերը ունի»:
Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հիմնադիր խորհրդարանի մասին խոսելն ավելորդ է համարում, իսկ ձերբակալությունների իրավաչափությունը գնահատել չի կարող․ - «Ինչքան որ ես տեղյակ եմ՝ ես իրավաբան չեմ, ոչ էլ դատական իշխանության ներկայացուցիչ»:
Ոչ իրավաբան Շարմազանովը, սակայն, այս խոսքերից հետո, իրավական գնահատական, այնուամենայնիվ, տվեց․ - «Իմ կարծի՞քն եք հարցնում: Այո՛, իրավական է»:
Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, այլ բան է եզրակացնում․ Հիմնադիր խորհրդարանը չէր ծրագրել ապրիլի 24-ին սրել իրավիճակը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ շարժման առաջնորդները հայտարարել էին, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը զանգվածային գործողություններ չեն անցկացնելու, համաձայնել էին քաղաքապետարանի առաջարկին՝ ապրիլքսանչորսյան հավաքը ծայրամասում անցկացնել: Հետևաբար նրանց ձերբակալելը, ըստ Փաշինյանի, այլ բանի մասին է վկայում․ - «Այս փաստերի համադրումը հիմք է տալիս ասել, որ ձերբակալություններն անհիմն էին և դրդված են բոլորովին այլ պատճառներով, և այդ այդ պատճառները քաղաքական են»:
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ է դատապարտել երեկվա ձերբակալություննները։ Ապօրինի համարելով իրավապահների գործողությունները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած քաղաքական ուժը իշխանություններին կոչ է անում դադարեցնել քաղաքական հետապնդումների շղթան՝ նորանոր ցնցումներից և անկանխատեսելի կորուստներից խուսափելու համար ։
Զարուհի Փոստանջյանը վսհտահ է, որ իրավապահները Բաղրամյան 26-ից են հրահանգ ստացել․ - «Դուք ինքներդ ականատեսը եղաք փետրվարի 12-ին, թե ինչպես էր Սերժ Սարգսյանն ասում, որ ինքն է որոշում կայացնողը, թե ովքեր պետք է զբաղվեն քաղաքականությամբ և ովքեր չեն կարող զբաղվել քաղաքականությամբ: Սա այս շղթայի մեջ ենք մենք գնահատում: Այսինքն այն մարդիկ, ովքեր որ ցանկանում են քաղաքական հայտ ներկայացնել ընդդեմ Սերժ Սարգսյանի, դրանք բոլորը դառնում են այսպիսի բռնաճնշումների թիրախ»:
Դաշնակցական Արմեն Ռուստամյանը չի շտապում խնդիրն իրավական հարթության մեջ դիտարկել: Փոխարենը բարոյական տեսանկյունից ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարաը առիթ ունեցել է Սեֆիլյանի նախաձեռնությունը քննադատելու: Ու հիմա էլ նույն է ասում՝ ապրիլի 24-ին հանրահավաքներ անցկացնելն անթույլատրելի է:
Ինչպես ասում են՝ «թուրքը կտեսնի, կուրախանա»․ - «Դա ամենալավ նվերն ա իրան․․․ Դրա համար Գալիպոլի ա ստեղծել, որպեսզի զուգահեռ շեղի էս պրոցեսից միջազգային հանրությանը, բերել հատուկ այդ օրն ա սարքել․․․Կասեն, որ ոչ բոլորն են համակարծիք այս ամեն ինչի հետ․ դուրս են եկել մի խումբ, որոնք դեմ են իշխանություններին, նրա՛նց են ցեղասպան համարում․․․»
Ռուստամյանը պնդում է, թե իրադարձությունների նման զարգացումը վաղուց էր կանխատեսում և հենց այդ պատճառով զգուշացնում էր Սեֆիլյանին ու նրա համակիրներին։ Կոչը, սակայն, տեղ չհասավ․ - «Զգուշացում էր իրենց: Շատ լավ պետք է դա գնահատեին: Ճիշտ կլիներ էդպես նայեն հարցին, քան թե վայրահաչություններ, հայհոյախառն ինչ-որ հայտարարություններ անեն»: