Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով, Դատախազության մասին օրենքում լրացումներ կատարելու նախագծով Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փորձում է հաստատել գերլիազորություններ։
Հիշեցնենք, երեկ Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործունեության մասին 2014 թվականի տարեկան զեկույցը. Դատախազությունը լրացուցիչ լծակներ պահանջեց՝ հանցավորության դեմ պայքարում անմիջական մասնակցություն ունենալ համար։ Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ Դատախազության մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծ են ներկայացրել։ Ըստ նախագծի, Դատախազությանը հնարավորություն կտրվի իրավապահ մարմինների գործունեությունը համակարգել, ավելին՝ «իրավապահ մարմինների գործունեության համակարգման կազմակերպաիրավական ձևերը կսահմանվեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով»:
Կիվիրյանի խոսքով, զեկույցում գլխավոր դատախազը «փորձում է հիմնավորել, որ գործընթացները, այսինքն՝ հանցագործության բացահայտումների աճ կա, վատ են քննվում գործերը, օպերատիվ-հետախուզական միջոցառումները ցածր որակի են, անարդյունավետ են գործում»։ Ըստ իրավապաշտպանի, դրանով Կոստանյանը ընդամենը փորձում է ցույց տալ, որ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, Ոստիկանությունը արդյունավետ չեն գործում և որպես «փրկություն» առաջարկում է ընդլայնել իր լիազորությունները։
«Այսինքն՝ ինքը փորձում է իրեն ներկայացնել որպես փրկիչ այս պարագայում։ Այն, որ Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, Ոստիկանությունը նորմալ չեն գործում, ակնհայտ է, բայց նաև ակնհայտ է, որ Կոստանյան Գևորգը փրկիչը չի, միանշանակ ինքը չի կարող փրկել, որովհետև հենց ինքն էլ իր մասնակցությունն ունի այդ ողջ գործընթացներում, թե ինչու է ստեղծվել նմանատիպ իրավիճակ Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Կիվիրյանը։
Իրավապաշտպանի խոսքով, ոլորտի բացերը մատնանշելով՝ Կոստանյանն ընդամենը փորձում է ստանալ «սուպերլիազորություններ»։
«Փաստորեն, իրեն վերապահում է ֆունկցիաներ, որպեսզի ինքը համակարգի իրավապահ մարմինների գործողությունները, դրանով ինքը կստանա սուպերլիազորություններ, մասնավորապես՝ երևի իր ոլորտում այն լիազորությունները, որոնք ունի, ասենք, հարկային, մաքսային և ֆինանսների ոլորտում Գագիկ Խաչատրյանը, և մասնավորապես կստեղծվի նոր մի ինչ-որ սուպերմարմին: Իսկ քանի որ Հայաստանում մենք գիտենք, թե ինչ է տիրում, այդ սուպերմարմինն ընդամենը կփորձի ավելի արդյունավետ իրականացնել այս կամ այն ռեպրեսիաները՝ այս կամ այն պատվերով», - ասաց Կիվիրյանը։