Ավետիսյանների ողջ ընտանիքին սպանելու շարժառիթը դեռևս հայտնի չէ

Your browser doesn’t support HTML5

Ավետիսյանների ընտանիքի սպանդից երկուսուկես ամիս անց արդեն հայտնի են մի շարք փորձաքննությունների եզրակացություններ, որոնց հիման վրա տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները որոշ եզրահանգումներ են անում:

Դատաձգաբանական փորձաքննությամբ, մասնավորապես, հաստատվել է, որ Ավետիսյանները սպանվել են դեպքի վայրում հայտնաբերված АКС-74 ինքնաձիգից, որը ռուսական կողմի հավաստմամբ՝ ամրացված է եղել Վալերի Պերմյակովին: Դեպքի վայրում հայտնաբերված հագուստի փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ այն կրել է Պերմյակովը: Այդուամենայնիվ, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց պատասխանները կտան գենետիկ փորձաքննության արդյունքները, ասում է փաստաբաններից Լուսինե Սահակյանը։

«Հիմա այդ եզրակացությունները ստանալով նորից հարցեր են ծագել։ Այս գործի պատճառահետևանքային կապը շատ դժվար է հասկանալ։ Ինչո՞ւ է այդ անձը, եթե ինքն է կատարել սպանությունը, կատարել այդ սպանությունները։ Այս գործի համար ամենակարևոր մեխը հենց սա է»,- ասաց փաստաբանը։

Արթուր Սաքունցը չի հասկանում, թե ինչու են հայկական ու ռուսական կողմերը գաղտնի պահում երկու երկրների Քննչական կոմիտեների նախագահների միջև ստորագրված համաձայնագիրը համատեղ շտաբի աշխատանքները համակարգելու վերաբերյալ:

«Եթե կա մեկ այլ փաստաթուղթ, որով ղեկավարվում են Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեները, դա չի կարող գաղտնի փաստաթուղթ լինել։ Դա, ըստ էության, պետք է բխի երկու երկրների Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից և ինչ-որ լրացուցիչ կանոններ սահմանի քննության իրականացման հետ կապված։ Եթե հայտարարում են, որ այդ փաստաթուղթը չեն կարող տրամադրել, նշանակում է՝ քննությունը իրականացնում են գաղտնիության շրջանակում»,- նշեց Սաքունցը։

Ամենաանհեթեթն ու ոչ իրավաչափն, ըստ Սաքունցի, այն է, որ երկու կողմն էլ Ավետիսյանների սպանության հոդվածով քրեական գործ են հարուցել: Ո՞վ է դատելու Պերմյակովին, հարցնում է Սաքունցը:

«Ես չգիտեմ այս հարցը ինչպես է լուծվելու։ Նաև հարց է ծագում՝ ռուսական կողմը ի՞նչ քրեական գործ է քննում, երբ տուժողները ներգրավված չեն այդ գործում»,- հարցնում է իրավապաշտպանը։

Ավետիսյանների իրավահաջորդները չեն պատրաստվում դիմել ռուսական կողմին որպես տուժողի իրավահաջորդ ներգրավվելու համար, տեղեկացրեց Լուսինե Սահակյանը.- «Մենք կարող ենք ներգրավվել այդ քրեական գործում, բայց Ավետիսյանները չեն ցանկանում, մենք էլ՝ որպես իրենց իրավաբաններ, չենք ցանկանում, քանի որ համարում ենք, որ դա ապօրինի հարուցված քրեական գործ է։ Այդ քրեական գործում մենք անելիք չունենք։ Ռուսական կողմը շատ ուրախ կլինի, եթե մենք ներգրավվենք իրենց քրեական գործում որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ»։

Ինչ վերաբերում է մեղադրյալին դեպքի վայր տարել են, թե՝ ոչ, ապա փաստաբաններից Երվանդ Վարոսյանն ասաց՝ լավ կլինի, որ չտանեն.- «Քանի որ այս գործի վրա այդ հարցականն էլ է կախված, ի վերջո Պերմյակո՞վն է, թե՝ չէ... այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք չի, որ տանեն»։

«Իրեն տանում են դեպքի վայր, ծանոթանում է դեպքի վայրին, հետո իր ցուցմունքներում կատարում է շտկումներ, նկարագրում է այնպես, ինչպես կա դեպքի վայրը։ Ես կարծում եմ՝ շատ լուրջ սխալ կլիներ նրան դեպքի վայր տանելը»,- հավելեց Լուսինե Սահակյանը։

Ռուսական կողմը դեռևս որևէ մանրամասն չի հաղորդում ընթացող քննությունից, հայտնի է միայն, որ գործը շուտով կմտնի դատարան: Հայկական կողմում հայտնի փաստերն էլ, ըստ պաշտպաններին, դեռևս չեն տալիս գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞րն էր Ավետիսյանների ողջ ընտանիքին սպանելու շարժառիթը: