Նալբանդյան. «Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների կանխարգելման վեհ գործում»

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը, հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ՝ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում», - Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը:

Այսօր Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ. Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար եվրոյի չափով։