ՀՅ Դաշնակցությունը չի ընդգրկվի հակակոռուպցիոն խորհրդի կազմում, տեղեկացնում է կուսակցության Հայաստանի Գերագույն մարմինը:
ԳՄ-ի այսօր տարածած հաղորդագրության համաձայն, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մարտի 31-ին նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, պատասխանելով վերջինիս՝ ՀՅԴ-ին արված՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրվելու առաջարկությանը և հայտնելով, որ խմբակցությունը այս պահին ձեռնպահ է մնում թեկնածու առաջադրելուց։
«Գերակա խնդիր համարելով կոռուպցիայի դեմ համակարգային և ամբողջական պայքարը՝ մենք տարբեր առիթներով ներկայացրել ենք հանրային վստահությունն ապահովող, անկախությունը երաշխավորող հակակոռուպցիոն մարմնի ձևավորման առաջարկություններ, որոնք անտեսվել են: Այս փուլում մեզ իրավունք կվերապահենք ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և ահազանգեր՝ այդքանով բերելով մեր օժանդակությունը հակակոռուպցիոն պայքարին», - ասված է նամակում։
Փետրվարին Կառավարությունը որոշեց ստեղծել հերթական հակակոռուպցիոն մարմինը՝ վարչապետի գլխավորությամբ, որում կընդգրկվեն Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, արդարադատության ու ֆինանսների նախարարները, գլխավոր դատախազը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ (եթե համաձայնեն), Հանրային խորհրդի նախագահը, Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ։ Կառավարությունը որոշեց նաև խորհրդին կից ստեղծել «անկախ փորձագետներից կազմված հանձնախումբ»:
Խորհրդարանական խմբակցություններից դեռ միայն «Բարգավաճ Հայաստան»-ն է պատրաստակամություն հայտնել ներկայացուցիչ ունենալ այդ խորհրդում: