Մատչելիության հղումներ

Կառավարության որոշմամբ հերթական հակակոռուպցիոն մարմինը կստեղծվի


Կառավարության որոշմամբ հերթական հակակոռուպցիոն մարմինը կստեղծվի
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00

Արդարադատության նախարարի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարի համար քաղաքական կամք է հարկավոր:

Կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ խորհուրդը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն այդ չարիքի դեմ նա միայնակ չի գործելու․ պայքարելու են նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, արդարադատության ու ֆինանսների նախարարները, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ (եթե՝ համաձայնվեն), Հանրային խորհրդի նախագահը, Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ։

Կառավարությունը որոշեց նաև խորհրդին կից ստեղծել «անկախ փորձագետներից կազմված հանձնախումբ»: Ի դեպ, ճիշտ նույն անունով հակակոռուպցիոն հանձնախումբ էր ստեղծվել նաև 10 տարի առաջ՝ 2004-ին: Մի՞թե այն վատ էր աշխատում և այդ պատճառով կառավարությունը որոշեց ստեղծել նորը:

Գործադիրի նիստից հետո արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն արձագանքեց այս հարցին․ - «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ավելի արդյունավետ լինի և ավելի ակտիվ իրականացվի, իսկ դրա համար բացի ինստիտուցիոնալ լուծումներից իհարկե քաղաքական կամքն է կարևոր և անհրաժեշտ, որովհետև եթե քաղաքական կամքը չլինի, ցանկացած իդեալական ինստիտուցիոնալ լուծում չի կարող տեղից շարժվել»:

«Թե ինչպիսի արդյունքներ սա կունենա, ես հույս ունեմ, որ ինչ-որ բան հնարավոր կլինի տեղից շարժել», - ասաց Հովհաննես Մանուկյանը:

Նախարարը պարզաբանեց՝ ի տարբերություն հին խորհրդի, նորում, ենթադրվում է, որ պետք է ներկայացված լինեն քաղաքացիական հասարակության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Իսկ թե արդյոք խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է մասնակցել հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին, այսօր հնարավոր չեղավ պարզել:

«Ազատության» այս հարցին պատասխանեց միայն ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով նշեց, թե իրենք դեռ որոշում չունեն:

Հայաստանի իշխանությունները առաջին տարին չէ, որ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին: 2012 թվականին սեպտեմբերին նախագահ Սարգսյանը կառավարությունում հայտարարեց․ - «Չգնանք ասենք՝ էս մեկը միլիոնուկես գողացավ, էս մեկը՝ երկու միլիոն: Գլխից պիտի բռնենք՝ մեծերին»:

Բայց անգամ նման խիստ հանձնարարություններից հետո էլ դժվար է ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով Հայաստանում նշանակալի առաջընթաց կա՝ առնվազն նման համոզմունք ունեն միջազգային հեղինակավոր կառույցները:

Անցած ամսվա վերջին հրապարակված The Heritage Foundation-ի «Տնտեսության ազատության 2015թ․ ցուցիչ» զեկույցում կարդում ենք․

«Նախագահ Սերժ Սարգսյանը 2014-ին հեռացրեց որոշ հայտնի բարեփոխիչների և նոր կառավարություն ձևավորեց՝ ներառելով այնպիսի պաշտոնյաների, որոնք, ինչպես պնդում են, իրենց հարստությունը կուտակել են իշխանության մեջ ունեցած կապերի շնորհիվ: Օրինակ՝ ֆինանսների նախարարը տևական ժամանակ լրատվամիջոցների կողմից կոռուպցիոն մեղադրանքների թիրախում է եղել»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում առաջընթաց չկա:

«Մենք ավարտին ենք հասցնում օրինավորության ազգային համակարգի գնահատումը հայաստանյան համակարգի, դա որակական ուսումնասիրություն է: Քանակականը՝ կոռուպցիայի ընկալման համաթիվն է, դա կոռուպցիայի համաշխարհային բարոմետրն է: Այդ բոլոր ցուցանիշներով ես առաջընթաց չեմ կարող ասել, որ կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարուժան Հոկտանյանը:

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի խոսքով իսկապես անհեթեթ է, թե ի՞նչ պետք է անի այդ կառույցը՝ այն էլ վարչապետի գլխավորությամբ: Պարբերականը, հիշեցնենք, բազմիցս հանդես է եկել հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն սկանդալների մասին հրապարակումներով:

«Այդ դեպքում հարց եմ տալիս՝ իսկ վարչապետի կոռուպցիոն գործարքներով ո՞վ պիտի զբաղվի կամ դրա մեջ եղած մարդկանց գործարքներով ո՞վ պետք է զբաղվի: Վարչապետի մասին էս վերջերս հետաքննություն էինք արել, բազմաթիվ փաստեր էինք հրապարակել, - պատմեց Էդիկ Բաղդասարյանը՝ շարունակելով․ -Վարչապետին առաջին հարցը, որ անընդհատ գրավոր դիմել ենք, որ պատասխանի՝ իր հայտարարագրում ամեն տարի գրում է, որ 40 միլիոն դրամ եկամուտ ունի հա ուզում ենք իմանալ՝ որտեղի՞ց եկամուտ ունեք Դուք: Որևէ պատասխան չենք ստանում, որովհետև մի տարի գրել էր՝ գյուղատնտեսական մթերքների իրացում, բայց պիտի ինչ-որ բան ունենաս, որ իրացնես: Մարդը հայտարարագրում է ունեցվածքը և չես իմանում հանկարծ որտեղի՞ց հաջորդ տարի միլիոն դոլար ավելացավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG