Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Your browser doesn’t support HTML5

Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որին մասնակցում է յոթ կուսակցություն:

Ընտրությունները կանցկացվեն մայիսի 3-ին: Համամասնական ընտրակարգով մանդատների թիվը 22-ն է, կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդհանուր առմամբ ընդգրկված է 167 թեկնածու: Իսկ 11 մեծամասնական ընտրատարածքներում կպայքարի 50 թեկնածու:

Հիմնական ուժերից հետաքրքրվեցինք, թե իրենց ծրագրերում ի՞նչ առաջարկներ կան բանակի վերաբերյալ, հատկապես երբ վերջին շրջանում սահմանում իրավիճակը կրկին լարվել է:

Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության շտաբի ղեկավար Տիգրան Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կուսակցությունն անընդունելի է համարում ստեղծված իրավիճակը և առաջարկում է փոփոխություններ զինված ուժերում:

«Մենք նախատեսում ենք առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներին փոխարինել պայմանագրային զինծառայողներով և արհեստավարժ ստորաբաժանումներով, ինչպես նաև ապահովել ողջ առաջնագիծը ժամանակակից անվտանգության սարքավորումներով»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով, խորհրդարան անցնելու դեպքում կուսակցությունը սրա վերաբերյալ օրինագիծ է մշակելու: Բացի այդ, նախատեսում են պայմանագրային զինծառայողներին իրենց ծառայության վայրերում բնակարաններ տրամադրել՝ այդպիսով լուծելով նաև վերաբնակեցման հարցը:

«Շարժում 88» ընդդիմադիր կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք պահեստուժի բանակ ստեղծելու կողմնակիցն են: Սա նախատեսում է, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա տարվա ընթացքում որոշակի ժամանակահատված պետք է ծառայի բանակում: Աղաբեկյանը բերում է Շվեյցարիայի օրինակը՝ փոքր անձնակազմ ունեցող ստորաբաժանումներ, սակայն լավ պատրաստված ու օպերատիվ պահեստուժ:

«Ի՞նչ է տալիս դա մեզ: Իքս վտանգի իքս պահին մի քանի ժամվա ընթացքում պահեստուժն անմիջապես մոբիլիզացվում է, բանակի կազմը մի քանի անգամ ավելանում է: Պարբերաբար յուրաքանչյուր տարի զինծառայությունում անցկացնելով՝ պահեստուժի զինծառայողը և գործող բանակի սպան, զինվորները հրաշալիորեն կճանաչեն իրար, ինչու չէ նաև ծանոթ լինելով տեղանքին՝ դժվարություն չեն ունենա նույնիսկ գիշերային պայմաններում տեղանքի կողմնորոշման խնդրում: Սա մի քանի ժամում մի քանի անգամ կբազմապատկի մեր ունակությունը պաշտպանվելու, ինչու չէ նաև հետագայում այլ գործողությունների անցնելու կապակցությամբ»,- ասաց Աղաբեկյանը։

Ներկայիս խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցության ծրագրում բանակին վերաբերող դրույթները հիմնականում սոցիալական բնույթ ունեն: Կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նախատեսում են աջակցություն սպայական անձնակազմին` բանակի մարտունակությունը բարձրացնելու համար:

«Այնպես չէ, որ սահմանային լարվածությունը նոր է մեծացել, նման միջադեպեր միշտ էլ եղել են։ Վերջին միջադեպերը մենք ավելի շատ կապում ենք ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, կարծես թե դա թուրք-ադրբեջանական համագործակցության արդյունք է, և մենք խնդրին վերաբերվում ենք ոչ թե զուտ սահմանային իրավիճակների հետ կապված, այլ ընդհանուր»,- նշեց Պողոսյանը։

Կուսակցությունը իր ծրագրում նախատեսում է նաև ուժեղացնել առաջնագծի անվտանգությունը. թե կոնկրետ ինչպես, ընտրողներին չեն հայտնում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Պողոսյանի կարծիքով՝ նման հարցերը պետք է քննարկել Պաշտպանության նախարարության հրամանատարական կազմի հետ, ինչը կուսակցությունն անում է:

«Ռազմական գործիչներ կան, և նրանք շատ ավելի լավ են պատկերացնում, թե ինչպես պետք է ապահովել առաջնագծի և ընդհանրապես մեր անվտանգության խնդիրները։ Նման հարցերը ոչ թե պետք է քաղաքականացնել, այլ պետք է ՊԲ-ի հրամկազմի հետ քննարկել և փորձել նրանց հետ արդյունավետ լուծումներ գտնել: Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, բանակի գործը քաղաքական գործիչների գործը չէ և հակառակը»,- ասաց Պողոսյանը։

Օրերս հրավիրած խորհրդակցության ժամանակ առաջիկա ընտրություններին անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Նա նշել է, որ չնայած քարոզարշավի ընթացքում գաղափարների և մտքերի մրցակցությունն ու բանավեճերն անխուսափելի են, սակայն դրանք պետք է տեղի ունենան քաղաքակիրթ ճանապարհով, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

«Մեր ժողովրդի համար խորթ են ամբոխավարությունն ու քաղաքական հիստերիան, և այս յուրահատկությունը մեծապես նպաստում է ներքաղաքական կայունությանն ու առողջ մրցակցությանը: Ես համոզված եմ, որ դուք բոլորդ կշարունակեք հետամուտ լինել քաղաքակիրթ պայքարի բարոյականության նորմերին ու սկզբունքներին՝ ամեն ինչից վեր դասելով պետական շահը և սերը հայրենիքի հանդեպ, ինչի համար մենք պայքարել ենք բոլորս միասին՝ համախմբված ու միասնական»,- ասել է Ղարաբաղի նախագահը։