Տուժողի հարազատները դատապարտում են այս որոշումը՝ հայտարարելով, թե նախաքննական մարմինը առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել, քանի որ մեղադրյալը մինչև այս սպանությունը ղեկավարում էր Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրիի բաժանմունքը:
Խափանման միջոցից բացի փոխվել է նաև Կատունյանին առաջադրված մեղադրանքը․ դիտավորյալ սպանության հոդվածը վերաձևակերպվել է որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն:
«Խափանման միջոցը չէր կարող չփոխվել այն բանից հետո, երբ վերաորակվեց նրա արարքը: Որովհետև նրան նոր մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 105 հոդվածի առաջին մասով, ինչը միջին ծանրության հանցագործություն է համարվում: Իսկ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձը չի կարող վեց ամսից ավել նախնական կալանքի տակ գտնվել: Նախկինում 104 էր՝ դիտավորյալ սպանություն: Վերաորակվեց հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն: Այն բանից հետո, երբ ստացվեց դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվեց, որ Կատունյանը դեպքի պահին գտնվել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Եզրակացությունը լիովին հիմնավորված է և լիովին արտացոլում է իրականությունը», - ասաց մեղադրյալի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Տուժող կողմի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, մինչդեռ, կասկածի տակ է առնում փորձագիտական եզրակացության օբյեկտիվությունը․ - «Եզրակացությունը շատ կասկածելի է: Դրա հետևությունները, ըստ իս, չեն կարող համապատասխանել գործի իրական պատկերին: Միջնորդել եմ նշանակել կրկնալի փորձաքննություն: Սակայն վարույթն իրականացնող մարմինը, առանց իմ միջնորդությունը քննարկելու, անմիջապեսԿատունյանին առաջադրված մեղադրանքը դիտավորյալ սպանությունից վերաորակել է հոգեկան խիստ հուզմունքում կատարված սպանության և միաժամանակ փոխել է խափանման միջոցը»:
Տուժող կողմը բողոքարկել է մեղադրանքի վերաորակումն ու խափանման միջոցը փոխելու՝ նախաքննական մարմնի որոշումները:
Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, ինքը ցայսօր ձեռքի տակ չունի դատաբժշկական և դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացությունները, ինչը համարում է օրենքի կոպիտ խախտում:
Նրա համոզմամբ՝ դա նախաքննական մարմնի թույլ տված միակ բացթողումը չէ․ - «Գնում է վիճաբանության զենքով: Միայն այդ փաստը բավարար է, որպեսզի անձի նկատմամբ չլինեն նման հետևություններ»:
Հարություն Գրիգորյանը սպանվել է անցած հուլիսին Գետք գյուղի գերեզմանատան հարևանությամբ:
«Քանի որ գործը քննվում է Պաշտպանության նախարարության քննչական կոմիտեի կողմից․․․ և քննվում էր զինվորական ոստիկանության խմբի ղեկավարի վերաբերյալ: Նման մտավախություն կար, որ մասնագիտական համախոհությունը կարող է օգտագործվել ի օգուտ Կատունյանի», - ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բազմաթիվ դեպքեր է հիշում, երբ բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց հարազատների կողմից կատարված հանցագործությունները անպատիժ են մնացել․ - «Երբ կոնկրետ դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող անձին փաստորեն փոխում են խափանման միջոցը, սա, իհարկե, աննախադեպ եմ համարում»: