Պետդեպարտամենտի պաշտոնյա․ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը կարող է օգտակար լինել, բայց ոչ բավարար

Your browser doesn’t support HTML5

Պետդեպարտամենտի պաշտոնյա․ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը կարող է օգտակար լինել, բայց ոչ բավարար

«Հարցն այն է՝ արդյոք կա՞ քաղաքական կամք», - ասաց Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական բյուրոյի հակակոռուպցիոն հարցերով ավագ համակարգող Ջորջ Քենթը

«Եթե դիտարկեք Համաշխարհային բանկի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի զեկույցները, կտեսնեք, որ Հայաստանը լավ դիրքերում չէ կոռուպցիայի ընկալման տեսանկյունից», - «Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասաց Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական բյուրոյի հակակոռուպցիոն հարցերով ավագ համակարգող Ջորջ Քենթը՝ ընդգծելով, որ շատ ոլորտներ կան, որոնցում Հայաստանը կարող էր առաջընթաց արձանագրել։

«Հարցն այն է՝ արդյոք կա՞ քաղաքական կամք», - հարց է բարձրացնում պետդեպարտամենի պաշտոնյան։

Շաբաթներ առաջ Հայաստանի կառավարությունը հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ ստեղծելու մասին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ Դրական գնահատելով նախաձեռնությունը՝ Պետդեպարտամենտի հանցավորության դեմ պայքարի բաժանմունքի ղեկավար Ռոբերտ Լևենտալը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դա դեռ բավարար չէ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար․ - «Ինձ սխալ չհասկանաք՝ դրանք կարող են շատ օգտակար լինել, բայց այդ հանձնաժողովները բավարար չեն և որոշ դեպքերում գործում են ցինիկաբար։ Ես Հայաստանի օրինակին ծանոթ չեմ ու ձեր երկրի մասին չեմ խոսում։ Բայց շատ կարևոր է նման նախաձեռնությունները դիտարկել ավելի լայն համատեքստում, որովհետև հանձնաժողովը կարող է օգտակար լինել, բայց ոչ բավարար, իսկ երբեմն էլ՝ անգամ ցինիկ»:

Կառավարության նախաձեռնած կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդը դեռ ձևավորման փուլում է։ Մասնակցության հրավերներ են ուղարկվել ԱԺ-ի խմբակցություններին։

ՀԱԿ-ն ու «ժառանգություն»-ը հաղորդեցին՝ որոշում արդեն կայացրել են, սակայն, դեռ չեն հրապարակում։ ՀՅԴ-ն և «Օրինաց երկիր»-ը դեռ չեն որոշել կմասնակցե՞ն նոր խորհրդի աշխատանքներին, թե՞ ոչ: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը Միքայել Մելքումյանին կուղարկի առաջին նիստին՝ պարզելու, թե ինչ օրակարգ ունի այդ կառույցը, և միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացնի։

Մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն հայտարարել են, որ բոյկոտելու են խորհրդի աշխատանքները:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը պատրաստ է հանդես գալ որպես դիտորդ, բայց խորհրդի աշխատանքներին չի մասնակցի։ Կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն պարզաբանեց՝ մասնակցել չեն պատրաստվում, որովհետև վստահ են՝ արդեն տարիներ շարունակ Հայաստանում չկա կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք․ - «Խնդիրը այստեղ հետևյալն է․ եթե դա խորհրդատվական մարմին է, ուրեմն պետք է առաջին հերթին լինի քաղաքական կամք և կոնսենսուս հասարակության ներսում, որ այդ ամենը լուրջ միջոցառումներ է ենթադրում, և այդ միջոցառումները պետք է լինեն լայնամասշտաբ: Հասարակության տարբեր շերտերը, բոլոր կուսակցությունները ընդգրկող երկխոսություն պետք է լինի, որը ես կասկածում եմ, որ կլինի»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի վերջին զեկույցում Հայաստանը կոռուպցիայի ընկալման աղյուսակում 174 պետությունների շարքում 94-րդ տեղում է` Եգիպտոսի, Կոլումբիայի, Գաբոնի ու Լիբերիայի հետ միասին։

«Հայաստանի ցածր միավորը վկայում է, որ այստեղ կոռուպցիան լրջորեն ազդում է երկրի զարգացման վրա», - ասաց Հոկտանյանը։