Սահմանը հատած զինվորը ծառայության ընթացքում «խնդիրներ է ունեցել»

Մարտի 22-ին ղարաբաղա-արդբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի ծնողները պնդում են, որ իրենց որդին ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել և այդ մասին տեղյակ է պահել զորամասի հրամանատարությանը:

«Ազատության» հետ զրույցում Անդրանիկ Գրիգորյանի մայրն ասաց, որ վերջին այցելության ժամանակ որդին անտրամադիր է եղել, իրենց հարցերին, թե ինչու է անտրամադիր չի պատասխանել: Մոր խոսքով, զինծառայողը զորամասի հրամանատարությանը խնդրել է, որ փոխեն իր ծառայության վայրը:

Ըստ ԼՂ պաշտպանության բանակի հաղորդագրության, մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, իր զորամասի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել Պաշտպանության բանակի զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվեցին կադրեր, թե ինչպես է Գրիգորյանը սպիտակ կտորը ձեռքին հատում սահմանը: Մեկ այլ տեսանյութում նա պատմում է, թե ինչու է հեռացել մարտական հենակետից:

Պաշտպանության բանակը դա որակել է «ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիք»: Անդրանիկի հայրը ևս համոզված է, որ տեսանյութը բեմադրված է:

Անդրանիկ Գրիգորյանը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է: Գյուղապետ Գարիկ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ համագյուղացիները ևս զարմացած են, չեն համակերպվում, թե իրենց համագյուղացին կարող էր անցնել Ադրբեջանի կողմը:

Համագյուղացիները հիմնականում դրական են բնութագրում Անդրանիկին: