Հանրապետականի խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սահմանային վերջին միջադեպը չի կապում նախագահ Սերժ Սարգսյանի վերջին դիտարկման հետ, թե՝ ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին կարող է բացասաբար ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Ես կապ չեմ տեսնում, որովհետև առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը նման լկտի գործողություններ է իրականացնում սահմանի երկայնքով։ Եթե հիշում եք՝ մեկ անգամ չէ, որ մենք նշել ենք, որ հավանականությունը մեծ է, որ մինչև ապրիլի 24 ադրբեջանցիները շփման գծում կփորձեն լարվածություն պահել և միջազգային հանրության ուշադրությունը շեղել դեպի սահմանը», - ասաց Շարմազանովը Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո։
Բացի այդ, ՀՀԿ խոսնակը նկատեց, որ Սերժ Սարգսյանը առաջին անգամ չէ, որ անդրադառնում է այդ հարցին՝ հիշեցնելով արգետինական լրատվամիջոցին նախագահ Սարգսյանի տված հարցազրույցը։
Շարմազանովին խնդրեցինք արձագանքել իշխանությունների հասցեին հնչող այն քննադատությանը, թե ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զոհեր հնարավոր է չլինեին, եթե սահմանին կանգնած չլինեին անփորձ, 18-ամյա երիտասարդներ։
«Կա Պաշտպանության նախարարության, Ազգային ժողովն ունի Պաշտպանության հանձնաժողովի և կա Ազգային անվտանգության խորհուրդ, որոնք շատ լուրջ քննարկում են բոլոր հարցերը։ Այս հարցն այն հարցը չէ, որի շուրջ հիմա տեսախցիկների առջև նստած պետք է բարձրաձայն խոսենք։ Բոլոր քննադատողներին էլ խորհուրդ կտամ դասախոսությամբ չզբաղվել մամուլի էջերին, որովհետև իրենց հնչեցրած ցանկացած կարծիք, գնահատական նույն վայրկյանին հասու է լինում ադրբեջանցիներին։ Այդ մարդիկ, եթե բան ունեն ասելու, ես՝ որպես ԱԺ փոխնախագահ, հրավիրում եմ՝ թող գան մեզ ասեն, թող գան մեր ընդդիմադիր գործընկերներին ասեն», - ասաց ՀՀԿ խոսնակը։
Շարմազանովն ամբողջությամբ չէր լսել, բայց հասցրել էր ծանոթանալ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Անդրադառնալով Փաշինյանի խոսքերին, թե Սերժ Սարգսյանը իշխանության տարբեր ճյուղերին ուղիղ հրահանգ տվեց գրոհ սկսել ԲՀԿ նախագահ, իշխանափոխություն իրականացնելու իր մտադրության մասին խոսող Գագիկ Ծառուկյանի դեմ՝ Շարմազանովն ասաց. - «Կարծիքն արտահայտելը պարոն Փաշինյանի իրավունքն է։ Ես, համենայնդեպս, ԲՀԿ-ի որևէ ներկայացուցչից, այդ թվում նրանց նախկին ղեկավարից, ճնշումների մասին լուրեր կամ փաստարկներ չեմ լսել։ Եվ ես չեմ կարծում, որ ԲՀԿ 1-ը, կամ ԲՀԿ 2-ը ձեր նշած քաղաքական գործչի փաստաբանության կարիքն ունի», - ասաց նա։