Երևանում «Եվրանեսթ»-ի լիագումար նիստը բացելով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը հանձնառու է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ: Սարգսյանը շեշտեց՝ հնարավոր է համատեղել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը և Եվարմիության հետ խոր և ընդգրկուն օրակարգը
«Ավելին, մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել և տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը և երկխոսությանը», - ասաց Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին:
«Մենք միշտ հիշում և արժևորում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որը համաեվրոպական կառույցներից առաջինն էր, որ 1987 թվականի իր բանաձևով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը` Թուրքիայի կառավարությանն այն ճանաչելու կոչ անելով»:
Հայաստանի նախագահն անդրադարձ կատարեց նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցին՝ նշելով, որ չեն պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ատելություն սերմանելու միջոցի,ինչպես դա տեղի ունեցավ Բաքվում: Չնայած շփման գծում իրականացվող պարբերական սադրանքներին, Սարգսյանը շեշտեց, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:
Մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ՝ Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում: Մինչդեռ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով», -ասաց Սերժ Սարգսյանը:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի անունից ելույթ ունենալով՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին մի քանի նախադասություն հայերեն ասաց:
Հայոց ցեղասպանությունը դատապարտող մի բանաձև ընդունվեց նաև այսօր լիագումար նիստում՝ 33 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Ալեքսեևը հայտարարեց, թե չնայած հայ-ուկրաինական բարեկամական հարաբերություններին, իրենք չեն միացել բանաձևին երկու պատճառով․ նախ՝ քանի որ Հայաստանի պատվիրակությունը ամբողջությամբ չի քվեարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մասին բանաձևի օգտին, բացի այդ՝ պատճառը նաև Հայաստանի դիրքորոշումն է, որ չի ընդունում Գոլոդոմոռը որպես ցեղասպանություն:
Այնուամենայնիվ, Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձևը ևս ընդունվեց 38 կողմ, 9 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը բացատրեց, թեև իրենք միանշանակ կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն այդ բանաձևի վերաբերյալ հայկական պատվիրակությունում միասնական մոտեցում չկա:
«Անձամբ ես դեմ եմ քվեարկելու այդ բանաձևին, որովհետև չեմ կարծում, որ այդ բանաձևերը իրականում արտահայտում են այսօրվա իրավիճակը, որովհետև իրավիճակը, որքանով որ ես եմ տեղյակ պարբերաբար փոխվում է և որոշակի դեէսկալացիա է նկատվում և պետք է դրական սպասելիքների միջավայր ձևավոևենք», - նշեց Արտակ Զաքարյանը:
Եվրանեսթի օրակարգին անդրադառնալով՝ Զաքարյանն ասաց, որ 4 զեկույցներ են ներկայացվել՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, սոցիալական և մշակութային ոլորտների մասին: Ադրբեջանի պատվիրակությունը 5 առաջարկություն էր ներկայացրել 3 զեկույցներում, սակայն հայկական պատվիրակության հաջողվել է այդ առաջարկությունները դուրս բերել զեկույցներից:
«Իսկ Հայաստանի կողմից ներկայացված առաջարկությունները, բնականաբար, Եվրամիության հետ ակտիվ համագործակցության, ընդլայնված և համապարփակ համագործակցության, ինչպես նաև քաղաքական երկխոսության, քաղաքական ձևակերպումներն են, որոնք որ տեղ են գտել բանաձևում», - նշեց հայկական պատվիրակության ղեկավարը:
«Ազատության» հարցին, թե արդյոք հնարավոր է համատեղել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ու սերտ հարաբերությունները Եվրամիության հետ, ինչպես նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին պատասրախնեց․ - «Բարդ հարց է, սակայն մենք չենք կարող Հայաստանին այլընտրանքի առջև դնել՝ կամ մենք, կամ Ռուսաստանը: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք համագործակցել Հայաստանի հետ, որը այժմ նոր քաղաքական նախագծի մաս է: Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե որքան ժամանակ կգոյատևի այդ նախագիծը: Ես երկար ապագա չեմ տեսնում այս միության համար, և Եվրոպական դռները շարունակում են բաց մնալ հայաստանի համար»:
Հայաստանի և ԵՄ-ի միջև պատրաստվող նոր փաստաթղթի մասին խոսելով՝ Չարնեցկին ասաց, թե պետք է նոր մի բանաձև գտնել, որ ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ: Ինքը լավատես է, որ Հայաստանն ու Եվրամիությունը կկարողանան գտնել լավագույն լուծումը:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալայան ասում է, որ այս նիստի ընթացքում փորձելու են ձևակերպել այն ուղերձը, որ կցանկանային հղել մայիսին Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, այդ ուղերձը, ըստ փոխնախագահի, պետք է լինի հետևյալը․ - «Այո, մենք կարիք ունեք ավելի յուրահատուկ ծրագրեր Արևելյան գործընկեր երկրներից յուրաքանչյուրի համար, այդ թվում՝ Հայաստանի, բայց ոչ, մենք չպետք է բաժանենք Արևելյան գործըներությունը 6 առանձին ծրագրերի, քանի որ մենք շատ ընդհանուր հարցեր ունենք , որ իրոք մարտահրավեր են մեզ բոլորիս համար»: