Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության միջոցի


Սերժ Սարգսյանը «Եվրանեսթ»-ի լիագումար նիստում ելույթ ունենալիս, 17-ը մարտի, 2015թ․
Սերժ Սարգսյանը «Եվրանեսթ»-ի լիագումար նիստում ելույթ ունենալիս, 17-ը մարտի, 2015թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացմանը, անդրադարձել է Հայաստան - ԵՄ հարաբերություններին, խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, քննադատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի որդեգրած կեցվածքը։

Ողջունելով եվրոպացի խորհրդարանականներին, Հայաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ, և կարծիք հայտնել, որ հնարավոր է համատեղել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, և Եվրոպական միության հետ խոր և ընդգրկուն օրակարգը:

«Ավելին, մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել և տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը և երկխոսությանը», - նշել է նա։

Սերժ Սարգսյանը նաև կարևորել է ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժ ապահովելու ուղղությամբ քայլերը:

«Ակնկալում ենք նաև խորհրդարանականների աջակցությունը՝ առաջիկայում ԵՄ հետ մեր քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու շուրջ երկխոսություն սկսելու հարցում», - նշել է նա։

Սահմանադրական բարեփոխումներ

«Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչպես կարող է պայքարել և իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերակատարում ունենալ», - նշել է Սերժ Սարգսյանը ու հավելել. - «Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու նպատակով մենք նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կատարելագործել իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը»:

Հայոց ցեղասպանություն

Նշելով, որ այս տարի ողջ հայ ժողովուրդը, քաղաքակիրթ աշխարհի հետ միասին ոգեկոչում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Մենք միշտ հիշում և արժևորում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որը համաեվրոպական կառույցներից առաջինն էր, որ 1987 թվականի իր բանաձևով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը` Թուրքիայի կառավարությանն այն ճանաչելու կոչ անելով»:

Հայաստանի նախագահը նաև կարևորել է Եվրոպական խորհրդարանի կողմից մարտի 12-ին ընդունված «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն աշխարհում և ԵՄ քաղաքականությունը. 2013» զեկույցը, որտեղ առանձին կետով անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կոչ արվել ԵՄ անդամ պետություններին ճանաչել այդ ողբերգությունը, իսկ ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին:

ԼՂ հիմնահարց

Իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին և ընդգծել. - «Մենք չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես դա տեղի ունեցավ Ադրբեջանում, այլ փորձում ենք վեհաժողովի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գոյակցության և համագործակցության ընդլայնման գործին»:

Որպես ասվածի վկայություն՝ Սերժ Սարգսյանը մատնանշել է հայկական պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանում կայացած միջոցառումներին, ներառյալ՝ 2012 թվականի Բաքվի լիագումար նիստին:

«Ցավում եմ, որ ադրբեջանական կողմն ընդառաջ չի գնում մեր կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված քայլերին», - նաև ասել է Հայաստանի նախագահն ու շարունակել. - «Առավել մտահոգիչ է սակայն, որ մեր հարևան պետությունը ապակառուցողական և առավելապաշտական կեցվածք է դրսևորում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բուն գործընթացում՝ հետ կանգնելով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից, հետևողականորեն փորձելով կամ փոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, կամ էլ առաջ մղել պայմանագրի շուրջ բանակցությունների գաղափարը՝ առանց համաձայնության գալու հիմնարար սկզբունքների շուրջ: Մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է ոչ թե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ՝ Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում: Մինչդեռ Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով»:

Հայաստանի նախագահը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է միջազգային հանրության, եվրոպական կառույցների աներկբա գնահատականը Ադրբեջանի գործելակերպին:

«Անկախ Ադրբեջանի անիրատեսական պահանջներից և շփման գծում իրականացվող պարբերական սադրանքներից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Միջազգային հանրության մոտեցումը, հատկապես վերջին տարիներին, այն է, որ եվրոպական ու համամարդկային արժեքների վրա հիմնված` ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունեն: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ևս այդ իրավունքի ազատ իրականացումն է, որ կարող է հանգեցնել այս հարցի համապարփակ լուծմանը: Այդ մոտեցումն է ընկած նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առաջարկությունների հիմքում», - թեման եզրափակելով՝ ասել է Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG