Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, թե վտանգներ է տեսնում Հայաստանում կատարվող զարգացումներում:
«Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել և տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ: Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել և հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ: Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ: Երևան վերադառնալուն պես՝ հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ», - Լոս Անջելեսից գրել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը խորհրդակցություններ էր նախաձեռնել մի շարք կուսակցությունների, այդ թվում՝ «Ժառանգության» ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի հետ: Այս փաստը կուսակցությունում տարակարծությունների առիթ էր տվել, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես, քննադատել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած քննարկումները՝ կուսակցության անունից հայտարարելով, թե «Ժառանգությունը» դեմ է «սահմանադրական բարեփոխումներ կոչված ֆարսին»: