Միջնորդները ծրագրում են «ընդունելի ժամկետներում» նախարարների հանդիպում կազմակերպել

Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի նախագահի հանդիպումը Երևանում, 17-ը փետրվարի, 2015թ․

Իսկ նախարարների հետ Մինսկի խմբի համանախագահները, ըստ Ջեյմս Ուորլիքի, աշխատում են նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու վրա:

Շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց հունվարի վերջից այն կայունացել է: APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը՝ խաղաղ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար», - հայտարարել է Ուորլիքը:

Տարածաշրջան իրենց վերջին այցի կապակցությամբ ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ «հանդիպումների ժամանակ նախագահները վերահաստատել են իրենց նվիրվածությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը և հայտարարել են, որ հաշվի կառնեն հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ կապված առաջարկները»: «Մեր առաջարկները կկանխեն միջադեպերը, որոնք կարող են նպաստել լարվածության աճին: Հուսով ենք, որ կողմերը կարող են համաձայնության գալ այդ և այլ հարցերի շուրջ», - նշել է Ուորլիքը:

Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին վերաբերող հարցին ամերիկացի համանախագահը արձագանքել է․ - «Ադրբեջանի երկու քաղաքացիները դեռևս բանտում են: Մենք շարունակում ենք հավատալ, որ կողմերի՝ կալանքի տակ գտնվող անձանց ազատ արձակելը կարևոր մարդասիրական ժեստ կլիներ»:

Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ հայկական կողմի պահանջին առնչվող հարցին էլ Ջեյմս Ուորլիքը պատասխանել է․ - «Բանակցությունների գործընթացում հարկ է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը: Այդ իսկ պատճառով համանախագահները այցեր են կատարում Լեռնային Ղարաբաղ, այնտեղ հանդիպում փաստացի ղեկավարության և համայնքի այլ անդամների հետ»:

«Ընդունելի ժամկետներում նախատեսում ենք կազմակերպել արտգործնախարարների հանդիպում և նրանց հետ սերտ շփումներ ենք պահպանում: Չնայած նման հանդիպումները մենք օգտակար ենք համարում, հանդիպել թե ոչ՝ որոշում են նախարարներն իրենք», - հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

«2014 թվականի հոկտեմբերին փարիզյան հանդիպման ժամանակ նախագահները հայտարարեցին, որ կողմ են այս տարի երկխոսության զարգացմանը: Տարածաշրջան համանախագահների վերջին այցի ընթացքում նախագահները պատրաստակամություն հայտնեցին հանդիպել այս տարվա ընթացում: Մենք արտգործնախարարների հետ միասին հիմնավորապես աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու վրա», - ասել է Ուորլիքը: