Մատչելիության հղումներ

Նախագահները կուսումնասիրեն միջնորդների առաջարկները


Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի նախագահի հետ, Երևան, 17-ը փետրվարի, 2015թ․
Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի նախագահի հետ, Երևան, 17-ը փետրվարի, 2015թ․

Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ հանդես եկան տարածաշրջան այցի արդյունքներով:

Տարածաշրջան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի հիմնական նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարը՝ հունվարին բռնության վտանգավոր աճից հետո: Այդ մասին ասված է միջնորդների՝ այսօր Երևանում հրապարակած հայտարարությունում:

Նշելով, որ փետրվարի 16-19-ը այցի ընթացքում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների» հետ, Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն փոխանցում են, որ հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են իրենց նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախագահները նաև համաձայնել են ուսումնասիրել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարը, ասված է հայտարարությունում:

Միջնորդները հայտնում են նաև, որ նախագահների և արտգործնախարարների հետ քննարկել են կարգավորման ուղղությամբ հաջորդ քայլերը, ինչպես նաև այս տարի ավելի ուշ ակնկալվող նախագահական հանդիպման նախապատրաստման հարցեր:

Համանախագահները այցի շրջանակում հանդիպել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածներին վերաբերող խնդիրները: Նրանք ընդգծել են անհետ կորածների վերաբերյալ ԿԽՄԿ-ի հովանու տակ տեղեկատվություն փոխանակելու՝ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG