Նախագահը սահմանադրական բարեփոխումները քննարկում է քաղաքական ուժերի հետ

Լուսանկարը՝ նախագահականի

Հայ ազգային կոնգրեսը քննարկմանը մասնակցելու հրավեր չի ստացել:

Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ժամ շարունակ հանդիպումներ է անցկացնում քաղաքական ուժերի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սերժ Սարգսյանն այսօր արդեն հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչների և կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ: Հիշեցնենք, որ Արսենյանը «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր է:

Հանդիպում է եղել նաև Դաշնակցության հետ, որի ժամանակ քննարկվել են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են սահմանադրական բարեփոխումները հավանության արժանացնելու հարցեր:

Սարգսյանը հանդիպել է նաև ԲՀԿ-ի ներկայացուցիչներին, մասնավորապես ԲՀԿ նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Ստեփան Մարգարյանին:

«Օրինաց երկրից» (ՕԵԿ) Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակցության ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ:

Առայժմ կուսակցություններից որևէ մեկը լրագրողների հետ չի խոսել, բայց ըստ նախկին հաղորդագրությունների, նախագահը քաղաքական ուժերի հետ քննարկում է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Այս պահին «Ժառանգություն»-ից դեռ չեն հաստատում, թե արդյոք ունեն նախագահին հանդիպելու հրավեր: «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոստացավ առաջիկա ժամերին պատասխանել այդ հարցին:

Ավելի վաղ «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը «Ազատության»-ը փոխանցել էր, որ իրենք 3 պահանջներ են ներկայացրել իշխանություններին և դրանք կատարելու դեպքում իրենք պատրաստ են մասնակցել սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկմանը: Երեք պայմաններից մեկը համամասնական ընտրակարգին անցնելնէ, ընտրական ցուցակները հրապարակելը և ևս երկու պայման:

Առայժմ միայն Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) է հերքում, որ նման հրավեր ունի:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ոչ մի քննարկման մասնակցելու հրավեր չունեն և իրենք կտրականապես դեմ են սահմանադրական բարեփոխումներին և շարունակելու են դեմ արտահայտվել: Եթե միայնակ էլ մնան սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարում, կշարունակեն իրենց պայքարը:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սարգսյանը հանդիպել է նաև Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ: