Հայաստանի ԿԲ-ն ԵՏՄ արժույթի անցնելու ծրագրեր այս պահին չունի

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի Կենտրոնական բանկը այս պահի դրությամբ որևէ ծրագիր չունի ու ԵՏՄ շրջանակում որևէ բանակցություն չի վարել՝ միութենական արժույթին անցնելու նպատակով:

«Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթերում նման փաստաթուղթ, անգամ դրա նպատակահարմարության, ուսումնասիրության, հեռանկարների վերաբերյալ, գոյություն չունի», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: - «Նույնը կարող եմ ասել ծրագրերի մասին, որ այս պահի դրությամբ նման ծրագրեր, նման քննարկումներ Կենտրոնական բանկում չկան», - հավելեց նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել, թե հեռանկարում արժութային միության ստեղծման ի՞նչ նպատակահարմարություն և հնարավորություն կա։

Անցած տարի «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր աղբյուրին, գրել էր, որ Եվրասիական տնտեսական միությունն ունենալու է իր միասնական արժույթը, և այն կոչվելու է «ալթըն»՝ ընդգծելով, որ հարցը ոչ պաշտոնապես արդեն իսկ հավանության է արժանացել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների կողմից:

«Որևէ բանակցություն, որևէ պաշտոնական քննարկում այդ ուղղությամբ չի եղել: Եվ, ասեմ ավելին, ԵՏՄ շրջանակներում քննարկվել է ֆինանսական շուկայի միասնական կարգավորողի ձևավորման խնդիրը, որը պետք է տեղի ունենա 2025 թվից հետո: Այդ ընթացքում պետք է ներդաշնակեցվեն ազգային օրենսդրությունները, կարգավորումները, և նոր դրանից հետո այդ հարցը մտնելու է օրակարգ», - նշեց Դարբինյանը՝ կարծիք հայտնելով, որ տարիներ են հարկավոր, որպեսզի ԵՏՄ-ում միասնական արժույթի անցնելու պայմաններ ստեղծվեն․ - «Դա չի կարող լինել վարչական որոշում: Դրա համար անհրաժեշտ են համապատասխան զարգացումներ տնտեսություններում, ֆինանսական շուկաներում»:

Համաշխարհային բանկը խորհուրդ է տալիս լրջորեն դիտարկել միասնական արժույթին անցնելու բոլոր հնարավոր հետևանքները, այսօր «Ազատությանն» ասաց բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին՝ ընդգծելով, որ նման զարգացումը «անշուշտ, մեծ փոփոխություն է»:

Խորհուրդ կտամ Հայաստանի Կենտրոնական բանկին լրջորեն քննարկել այս գաղափարի բոլոր կողմ և դեմ կարծիքները...
ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար

«Կարծում եմ, յուրաքանչյուր երկիր՝ անկախ իր զարգացածության աստիճանից, պետք է լրջորեն մտածի և նախապես ծրագրի իր արժույթի փոփոխության որևէ որոշում: Անշուշտ, խորհուրդ կտամ Հայաստանի Կենտրոնական բանկին լրջորեն քննարկել այս գաղափարի բոլոր կողմ և դեմ կարծիքները և դա անել շատ դանդաղ», - ասաց Բեյլին:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով, միասնական արժույթի անցնելու համար անհրաժեշտ է, որ ԵՏՄ-ն ունենա միասնական տնտեսություն, իսկ այսօր Ռուսաստանի գլխավորած այդ դաշինքը տնտեսապես դեռ չկայացած միավորում է:

«Այս հայտարարությունը «ջղաձիգ» կբնութագրեի, որովհետև գործնական չէ՝ տնտեսական, ֆինանսական, այդ թվում նաև տեխնիկական, որովհետև միասնական արժույթի ներդրումը բազմաթիվ կողմեր ունի: Էլ չեմ ասում, առավել ևս, հոգեբանական և այլն», - ասաց նա:

Ասատրյանը կասկած հայտնեց, որ միասնական կենտրոնական բանկի ստեղծման դեպքում Հայաստանը կկարողանա պաշտպանել իր շահերը․ - «Աստանայում ԵՏՄ անդամ երեք երկրների ղեկավարները պետք է քննարկեն եվրասիական ինտեգրացիային վերաբերող հարցեր, իսկ միության անդամ Հայաստանին անգամ չեն էլ հրավիրում»,- ասաց Ասատրյանը, - «Սա, կարծում եմ, շատ բնական է, եթե Հայաստանը ոչ մի արժեք չէ մաքսային միության համար: Ճիշտ այնպես, ինչպես մեզ պարտադրեցին, որ այս միության անդամ դառնանք, անգամ մտածելու, անգամ որևէ խնդիր քննարկելու հնարավորություն չտվեցին, նույնը լինելու է այդ ժամանակ: Շատ նման է, ասենք՝ 20 թվական, երբ 11-րդ Կարմիր բանակը մուտք է գործում Իջևան, և այլն»: