Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է անում Եվրամիության ընդհանուր բանակ ստեղծել։ Գերմանիան պաշտպանում է առաջարկը, Ռուսաստանը՝ պարզաբանում խնդրում։
«Եվրոպական ընդհանուր բանակն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ Եվրամիության անդամ երկրների միջև այլևս երբեք պատերազմ չի լինի։ Այդպիսի բանակը մեզ կօգնի իրականացնել արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականություն», - նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կիրակի օրը գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Եվրամիությունը միայն սեփական բանակով կարող է արձագանքել Եվրամիության անդամ երկրների կամ հարևանների դեմ ուղղված սպառնալիքներին։
«Եվրամիության բանակն անհրաժեշտ է՝ Ռուսաստանին հասկացնելու, որ Եվրոպան լուրջ է տրամադրված պաշտպանելու եվրոպական արժեքները», - ասել է Ժան-Կլոդ Յունկերը։
Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին, ՆԱՏՕ-ի գոյության պայմաններում նման բանակ ունենալու անհրաժեշտությանը, ապա Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է. - «Խոսքը ոչ թե մրցակցության, այլ Եվրոպան ավելի ուժեղ դարձնելու մասին է, և հետո՝ ՆԱՏՕ-ի անդամներից բոլորը չեն Եվրամիության անդամներ»։
Այս գաղափարը պաշտպանել է Գերմանիան։ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն ասել է, որ նման բանակը թույլ չի տա կազմաքանդել Երկրորդ աշխարհամարտից և «սառը պատերազմից» հետո Եվրոպայում ձևավորված աշխարհակարգը։
Իսկ Մոսկվան պարզաբանում է խնդրել: Պետական ՏԱՍՍ գործակալությանը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովն ասել է. - «Ցանկալի է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, քանի որ եվրոպացի քաղաքագետները վերջին երեք տասնամյակների ընթացքում տարբեր մակարդակներում շոշափում են այդ թեման»։
Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը հնարավոր է համարել, որ Եվրամիության բանակ ստեղծելու հարցն ընդգրկվի հունիսին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի օրակարգում, իսկ վերլուծաբանները հիշեցնում են, որ նույն գաղափարը նախկինում մարմնավորում չի ստացել։