Ինքն իրեն նռնակով պայթեցրած տղամարդը կասկածվում էր ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Աղբյուրը պարզաբանել է, որ այդ տղամարդը մի նռնակ նետել է ոստիկանների ուղղությամբ, իսկ երկրորդով պայթեցրել է ինքն իրեն։ «Ինտերֆաքս»-ը միևնույն ժամանակ հայտնում է, որ այս լուրի վերաբերյալ պաշտոնական հաստատում չի ստացել։
Ավելի վաղ Չեչնիայի իրավապահ մարմինները լրատվական գործակալությանը հայտնել էին, որ շաբաթ երեկոյան Գրոզնիում գտնվող բնակարաններից մեկում շրջափակել են սպանության մեջ կասկածվող մի տղամարդու, ով ոստիկանների ուղղությամբ նռնակ է նետել, վիրավորվել է իր նետած նռնակի բեկորից և ստացած վիրավորումներից տեղում մահացել է։
Մարտի 7-ին Ինգուշեթիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալբերտ Բարախաևը հայտնել էր Նեմցովի սպանության գործով երրորդ կասկածյալի ձերբակալության մասին։
«Ձերբակալվել է Զաուր Դադաևը, Անզոր Գուբաշևը և նրա հարազատ եղբայրը»,- ասել էր Բարախաևը։ «Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ երրորդ կասկածյալի անունը Շահիդ Գուբաշև է։
Զաուր Դադաևի մայրը ասել է, որ որդին վերջին տաս տարիների ընթացքում աշխատել է Չեչնիայի իրավապահ համակարգում։